Անդրեյ Ֆրոլչենկով. Facebook-ն առաջատար է, իսկ Twitter-ը կամաց-կամաց «մահանում» է

Ֆրոլչենկովը` Բարքեմփի հանդիսատեսի հետ

Սմարթֆոն` iPhone 5s, չի հրաժարվի, մինչև չդադարի աշխատել

Սիրելի բջջային հավելվածները` Telegram, Facebook Messenger, Facebook, Instagram և Uber

ԲարՔեմփի երկրորդ օրը Ռուսաստանից ժամանած սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ Անդրեյ Ֆրոլչենկովը խոսեց Facebook-ում բրենդի առաջխաղացման թեմայով: Մասնագետը պատմեց սեփական փորձի մասին և իր հայտնի նախագծերից մեկի օրինակով ներկայացրեց ոլորտի որոշ թրենդներ և հետաքրքիր գործիքներ, որոնք անհրաժեշտ են սոցիալական ցանցերում պրոդուկտի հաջող առաջխաղացման համար: Ֆրոլչենկովի հետ itTrend.am-ը զրուցեց սոցիալական մեդիա մարկետինգի նոր գործիքների, զարգացումների ու թրենդերի մասին:

Ըստ Ֆրոլչենկովի` այժմ սոցիալական մեդիայի հիմնական թրենդը վիզուալ լուծումներն են: «Առաջին հերթին, իհարկե, տեսահոլովակները: Facebook-ի վերջին կոնֆերանսի ժամանակ Ցուկերբերգն ասել է, որ 2020-ին Facebook-ի լրահոսի 70%-ը բաղկացած կլինի տեսահոլովակներից: Instagram-ն այս թրենդի զարգացման վառ ապացույցն է: Կարծում եմ, որ VR-ը նույնպես շատ թրենդային կլինի մոտ ապագայում»,-ասաց նա:

Ֆրոլչենկովը տիրապետում է բազմաթիվ մարքեթինգային հնարքների, սակայն ունի հաճախ կիրառվող SMM-գործիքներ. «Ես շատ եմ կիրառում թիրախավորումը. ավելի պարզ լեզվով ասած, եթե նպատակ ունեմ մարդկանց տեղեկացնել ավտոմեքենաների որևէ նոր ծառայության մասին, ես գտնում եմ համացանցում նման հետաքրքրություն ունեցող խմբեր և տարածում են ինֆորմացիան այդ խմբերում»:

Ըստ Ֆրոլչենկովի` սոցիալական մեդիայում Facebook-ը միանշանակ առաջատար է և ցանկացած բիզնեսի առաջխաղացման լավագույն գործիքներից մեկը: «Ինչ վերաբերում է Twitter-ին, ապա, իմ կարծիքով, այն հետզհետե մահանում է, ինչպես ժամանակին եղավ Nokia ընկերության հետ, երբ այն հրաժարվեց անցնել Android ՕՀ-ի: Twitter-ի լրահոսն աստիճանաբար գնալով ավելի ու ավելի է նմանվում Facebook-ի լրահոսին, և այն սկսում է հրաժարվել իր սկզբնական սահմանափակումներից` թվիթներում սիմվոլների սահմանափակումներից և այլն: Այնպես որ համաշխարհային շուկայում հաջող սոցիալական մեդիա մարքեթինգը սկսվում է Facebook-ից»,-եզրափակեց SMM մասնագետը: