Triip հայկական հավելված․ այլևս կարիք չի լինի երկար մտածել, թե ում հետ, որտեղ և ինչպես ընթրել

Triip հայկական հավելված․ այլևս կարիք չի լինի երկար մտածել, թե ում հետ, որտեղ և ինչպես ընթրել

Triip-ը հայկական հավելված է, որի նպատակն է օգնել օգտագործողին կազմակերպել սնվելու ողջ գործընթացը։ Այն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից կազմակերպված տեխնոլոգիաների ոլորտի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթողներից մեկն է։ Հավելվածի աշխատանքի մանրամասների, հետագայում ավելացվող հնարավորությունների մասին զրուցեցինք Triip-ի թիմի ղեկավար Գրիգոր Մաթևոսյանի հետ (լուսանկարում՝ կենտրոնում)։

— Ե՞րբ կթողարկվի հավելվածն ու ի՞նչ հնարավորություններ կընձեռի օգտագործողներին։

—Նախատեսում ենք Triip-ի առաջին տարբերակը թողարկել 2016թ.-ի առաջին եռամսյակում։ Triip-ը լինելու է բազմաֆունկցիոնալ մի հարթակ, որը հնարավորություն է տալու գտնել և ամրագրել սննդի օբյեկտներ, ինչպես նաև հետևել ընկերների և այլ օգտագործողների գործողություններին, ստանալ հրավերներ, առաջարկներ, ընկերների հետ քննարկել և կայացնել որոշումներ միասին ընթրելու վերաբերյալ։ Կիրառության հիմնական նորարարություններից է այն, որ սննդի օբյեկտ կամ ուտեստ ընտրելիս հաշվի են առնվում նաև ընկերների նախընտրությունները, առաջարկները. լինելու է ընտրված խմբի հետ քննարկման հնարավորություն։ Ընտրություն կատարելուց հետո օգտագործողը կարող է միանգամից ամրագրել տեղ՝ իր նախընտրած խմբի ընկերների հետ նախորդ քայլում համաձայնեցված վայրում և նախընտրած ժամին։ Կարելի է անգամ ուղղակի նշել տրամադրությունը և սպասել ընկերների առաջարկներին ու քննարկումներին։

— Հավելվածը ո՞ր հարթակների համար կլինի նախատեսված և վճարովի կլինի, թե՞ անվճար։

— Հավելվածի սկզբնական տարբերակը թողարկվելու է iOS օպերացիոն համակարգի համար։ iOS տարբերակի աճին զուգընթաց, կթողարկվեն նաև հավելվածի Android և վեբ-տարբերակները։ Ծրագիրը հնարավոր կլինի ներբեռնել ամբողջովին անվճար, սակայն կունենա մի շարք ներդրված վճարովի ծառայություններ՝ բաժանորդագրությունների տեսքով։

— Կօգնի՞ արդյոք հավելվածը հետևել առողջ ապրելակերպին։

— Հավելվածն իր օգտագործողներին ազատում է մի շարք սթրեսային իրավիճակներից։ Triip-ի միջոցով այլևս կարիք չի լինի երկար մտածել, թե ում հետ ընթրել, որտեղ ընթրել, ինչպես կազմակերպել հանդիպումը, ինչպես ամրագրել սեղան, ինչպես վճարել։
Triip-ը չի պարտադրում կամ գովազդում օգտվել որևէ ռեստորանից։ Սակայն հավելվածում ներառված չեն լինի արագ սննդի ցանցերը։

trrip_mainpage_moods

— Triip-ը հնարավորություն կտա՞ առցանց պատվեր կատարել սննդի օբյեկտներից։

— Հավելվածը չի լինելու սնունդ մատուցող կամ առաքող ծառայություն։ Մեր գլխավոր նպատակն է ստեղծել նոր տիպի սոցիալական հարթակ, որի միջոցով առանց ավելորդ ջանքերի հնարավոր կլինի ընկերների հետ գտնել ռեստորաններ, կազմակերպել քննարկումներ և կազմել պլաններ միասին սնվելու վերաբերյալ։

— Ո՞րն է լինելու Triip-ի գլխավոր առանձնահատկությունը։ Ի՞նչ անփոխարինելի տարր է պարունակելու, որը կստիպի օգտագործողներին բեռնել հավելվածը։

— Գոյություն չունի այնպիսի գործիք, որի միջոցով հնարավոր կլինի կազմակերպել ընկերների հետ ճաշելու պրոցեսը մեկ հավելվածի շրջանակներում։ Ողջ գործընթացը ծածկելու համար անհրաժեշտ է օգտվել մի շարք տարբեր հավելվածներից՝ նախատեսված ռեստորան գտնելու, ընկերների հետ կապ հաստատելու, նկարներ դիտելու, տեղ ամրագրելու, վճարումների և այլնի համար։ Ներբեռնելով Triip-ը՝ օգտագործողը հնարավորություն կունենա կատարել այս բոլոր գործողությունները մեկ հավելվածի շրջանակներում։

Triip-ում նաև մեծ կարևորություն է տրվում սոցիալական շփմանը՝ ի տարբերություն ոլորտի մյուս հավելվածների։ Օգտագործողը հնարավորություն ունի Triip-ի շրջանակներում հաղորդագրություններ ուղարկել այլ օգտագործողների, կիսվել տրամադրությամբ և թողնել մեկնաբանություններ։

Ժամանակակից օգտագործողների համար շատ կարեւոր է իմանալ, որ իրենց ստացած ինֆորմացիան ամբողջովին հավաստի է և թարմ։ Հավելվածի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն կպարունակի միայն հեղինակավոր աղբյուրների անընդհատ թարմացվող հավաստի տվյալներ։ Առավել մեծ կարևորություն կտրվի ոլորտի մասնագետների կողմից տրված գնահատականներին, որը հնարավորություն կտա ապահովագրվել շահագրգիռ կողմերից ոչ ճիշտ ինֆորմացիայից և գնահատականներից։

triip_messages_contacts

— Ապագայում ի՞նչ նոր հնարավորություններ կունենա հավելվածը, որոնք այս պահին դեռ իրականացված չեն։

— Նախատեսում ենք ունենալ բաժանորդագրությունների համակարգ։ Ընդգրկվելով համապատասխան բաժանորդագրության ցանկում՝ օգտագործողը կստանա մի շարք առավելություններ՝ կախված իր ձեռք բերած փաթեթից։ Օրինակ՝ հնարավորություն կտրվի նախապես ամրագրել տեղ ռեստորանում, օգտագործողը կստանա անհատական ծառայություններ ռեստորանում, հնարավորություն կլինի օգտվել ռեստորանի հատուկ առաջարկներից և այլն։
Ստեղծվելու է նաև Triip-ին կից հավելված՝ նախատեսված ռեստորանների մենեջերների համար, որը կստեղծի ուղիղ կապ մեր օգտագործողների և ռեստորանների ներկայացուցիչների միջև, ինչպես նաև կստեղծի մի շարք նոր հնարավորություններ ռեստորանների համար։