Microsoft-ը 1 օրում Halo 4 խաղի վաճառքից ստացել է 220 մլն. դոլարի եկամուտ

Ընդամենը 24 ժամում Halo 4 խաղի վաճառքից ստացվել է մոտ 220 միլիոն դոլար: Սա ռեկորդային է՝ համեմատած խաղի նախորդ մասերի վաճառքների մեկնարկի հետ: Հիշենք, որ խաղի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 6-ին: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղելով Microsoft-ի խաղային նախագծերով զբաղվող դուստր ընկերության՝ Microsoft Game Studios-ի հայտարարությանը:

Microsoft Game Studios-ի ներկայացուցիչների խոսքով, Halo 4-ը վաճառքի առաջին շաբաթում պետք է որ կրկին ռեկորդ սահմանի՝ հասնելով մինչև 300 միլիոն դոլարի: Halo 4 խաղը, որը թողարկվել է էքսկլուզիվ միայն Xbox 360 խաղային սարքերի համար, ԱՄՆ-ում վաճառվում է 60 դոլարով: Բացի դրանից, կա խաղի ընդլայնված տարբերակը, որն արժե 100 դոլար:

Halo շարքը բոլոր ժամանակների լավագույն վիդեոխաղերի տասյնակում է, գրում է Bloomberg-ը: Այս շարքի առաջին խաղը թողարկվել է 2001-ին և այդ օրից ի վեր Microsoft -ն ամբողջ աշխարհում վաճառել է խաղի ավելի քան 46 միլիոն օրինակ: Halo շարքը ընկերությանը բերել է մոտ 3.4 միլիարդ դոլարի եկամուտ: