Google Glass-ը դեռ պատրաստ չէ բծախնդիր հանրության կարծիքներին. Վարդան Գրիգորյան (հարցազրույց)

Vardan GrigoryanԽելացի ակնոց, կրելի սարք, այլընտրանքային իրականություն ցուցադրող սարք կամ խելացի համակարգիչ. այս կերպ անվանում են ամերիկյան հսկա Google ընկերության Glass ակնոցը: Դեռևս 2011-ին նախագծման փուլում գտնվող սարքը առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2012թ.ապրիլի 5-ին Foundation Fighting Blindness ցուցահանդեսի ժամանակ: Այն ունի ներկառուցված փոքր էկրան աջ կողմում և կառավարելի է ձայնային հրամանների միջոցով:

Առայժմ Google Glass-ը պատրաստ չէ մասայական արտադրության և միայն հասանելի է Glass Explorer ծրագրի մասնակիցներին 1500 դոլար արժեքով, որի շրջանակում գնորդները փորձարկում են այն: Հայաստանում GDG Armenia (Google Developer Group) խմբի համակարգող, ծրագրավորող Վարդան Գրիգորյանը Glass Explorer ծրագրի մասնակիցներից է: itTREND.am-ի հետ զրույցում Վարդանը կիսվեց Google Glass-ի մասին իր տպավորություններով, ինչպես նաև սարքի ապագայի՝ իր կանխատեսումներով:

Վարդան, այսօր տեխնոլոգիաներն ամեն վայրկյան են զարգանում: Ամեն ինչ «խելացի» դառնալու միտում ունի, դրանց թվում և Google Glass-ն է: Դու Հայաստանում այն առաջիններից ես, ով բախտ է ունեցել ոչ միայն կրել դեռևս նախագծման փուլում համարվող ակնոցը, այլև գնել այն: Որքա՞ն ժամանակ է ինչ ձեռք ես բերել Google Glass-ը:

Glass-ը գնել էի դեռևս 2013-ի դեկտեմբերին, բայց տեղափոխության համար որոշակի օրեր պահաջնվեցին ու, այնպես ստացվեց, որ այն Նոր Տարվա նվեր դարձավ: Ինչպես գիտեք կար մի շրջան, երբ յուրաքանչյուր Glass Explorer (նրանք այն մարդիկ են, ովքեր այս փուլում Glass-ի պրոտոտիպային տարբերակի փորձարկող են) կարող էր ևս 3 ընկերոջ հրավիրել՝ դառնալու Glass Explorer: ԱՄՆ-ի ընկերներիցս մեկը կարողացավ ինձ համար գտնել այդպիսի մի հրավեր, ես էլ առիթը բաց չթողեցի:

Ինչպե՞ս ես այն օգտագործում առօրյայում:

Անկեղծ՝ առօրյայում այն հիմնականում օգտագործում եմ նկարներ և վիդեոներ նկարելու ու սոցիալական ցանցերում տարածելու համար: Երբեմն նաև նամակներս եմ կարդում ու սոցիալական ցանցերի հոսքերին հետևում: Բայց սա այն չէ, ինչի համար իրականում այն գնել եմ: Նպատակս՝ Glassware սարքելն է, այսինքն ծրագիր, որով կկարողանամ Գլասսին կիրառելի դարձնել իմ ուզած ոլորտում:

Դիտենք կարճ վիդեո՝ նկարված Վարդանի Google Glass-ով:

Չե՞ս կարծում որ նույն գործողությունների համար արդեն բազմաթիվ սարքեր են ստեղված: Սմարթֆոններն արդյո՞ք բավարար չեն:

Կախված է, թե ինչ նպատակով եք այն ձեռք բերում: Վերևում նշված բազային գործողությունների համար իհարկե այն չափից դուրս թանկ սարք է: Բայց հաշվի առնելով հավելվածների այն մեծ ու դեռևս բաց դաշտը, որը կարող է կիրառվել Glass-ում, կարծում եմ այս պահին այն անփոխարինելի սարք է: Երևի տեսած կլինեք արդեն, որ այն օգտագործվել է վիրահատությունների ժամանակ: Ու սա ընդամենը մեկ օրինակ է:

Արդեն 3-րդ տարին է ինչ կա Google Glass-ը, բայց մասայական արտադրության մեջ չի մտնում: Չե՞ս կարծում որ այն մասայական լինելու դեպքում մարդկանց կռոբոտացնի: Միգուցե այն պետք է ավելի լուրջ ոլորտներում օգտագործել, օրինակ բժշկություն կամ ավիացիա և ոչ որպես առօրյա խաղալիք:

Այն մարդիկ, ովքեր հիմա ունեն Glass, չեն կարող իրենց թույլ տալ այն օգտագործել միայն որպես այդքան թանկ խաղալիք: Ովքեր էլ այդպես են անում, ուղղակի չպետք է դառնային Glass Explorer: Իսկ կիրառությունը կարծում եմ ինքնին ի հայտ կգա ժամանակի ընթացքում: Մասայական արտադրության չի հանվում՝ քանզի այն դեռ պատրաստ չէ բծախնդիր հանրության կարծիքներին: Այսօր օգտագործողներն այն մարդիկ են, ովքեր հենց իրենց ներդրումը պետք է ունենան նրա մասայականացման գործին, մասնավորապես՝ ցույց տալ մարդկանց, թե իրենք որտեղ և ինչպես են օգտագործում Glass-ը: Պատահաբար չէ, որ հատուկ ընտրված մարդիկ ունեն հիմա այս սարքից: Նրանք այն մարդիկ են, ովքեր լավագույնս ներդրումը պետք է ունենան մասայականացմանը պատրաստ դառնալու համար:

Ինչո՞վ է քեզ համար յուրահատուկ դարձել Glass-ը: Կա՞ որևէ գործընթաց, որը քեզ համար հեշտ է դարձել հենց Glass-ի շնորհիվ:

Ներկա պահին՝ հաշվի առնելով մարտկոցի «կարճ կյանքը», չեմ կարող ասել, որ այն միշտ աչքերիս է ու անփոխարինել է: Բայց նորից կրկնում եմ, որ որպես ծրագրավորող, սարքն ինձ համար ավելի շատ փորձարկման դաշտ է՝ նոր ֆունկցիաներ մտածելու ու ստեղծելու համար, քան որպես պարզապես սարք, որը լուսանկարում ու տարածում է ցանցերում, կամ Google-ում որոնում է ձեր ձայնային հրամանը:

Glass-ը հայերեն չգիտի ու չի հասկանում: Այդ ուղղությամբ որևէ քայլեր արվու՞մ է:

Այս պահին ոչ: Եթե խոսում են նրա հիմնական ֆունկցիոնալության համար կիրառվող հրամանների մասին (օր.՝ OK Glass, Take a picture), կարծում եմ մոտ ապագայում Google-ը չի ներդնի այդպիսի հնարավորություն՝ հրամանները տեղայնացնելու համար: Բայց եթե խոսենք երրորդ կողմի ծրագրավորողների ստեղծած հավելվածների մասին, այդտեղ արդեն կարող եք կիրառել ձեր ուզած ձայնային հրամանը: Ցավոք, Հայաստանում դեռ չեն ստեղծվել Glassware-ներ (Glass հավելվածներ), բայց նորից ուզում եմ շեշտել, որ դաշտը դեռևս գրեթե դատարկ ու բաց է, իսկական ժամանակն է տեղայնացված հավելվածներ ստեղծելու համար: Ռուսները, ուկրաինացիներն ու մի քանի այլ երկներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Վառ օրինակ է ուկրաինական PrivatBank-ի հավելվածը՝ Glass-ի համար: