Հայտնի են Google I/O 2014 ամենամյա կոնֆերանսի անցկացման օրերը

Google-io-2013Google I/O նախագծողների ամենամյա կոնֆերանսը կանցկացվի 2014թ. հունիսի 25-26-ը Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ)՝ Moscone Center-ում: Այս մասին իր Twitter միկրոբլոգում հայտնել է Google ընկերության Android, Chrome և հավելվածների նախագծերի ավագ փոխնախագահ Սունդար Պիչայը: Այս տարի Google I/O-ն կտևի երկու օր, մինչդեռ 2013 և 2012թթ-ին կոնֆերանսն անցկացվում էր երեք օր:

Այս տարի Google-ը մասնակիցների գրանցման համակարգում նոր փոփոխություններ է ներդնելու: Գալիք ամսվա ընթացքում Google-ը կհայտնի, թե երբ են մեկնարկելու օնլայն-գրանցումները:

Կոնֆերանսի ընթացքում, միանշանակ, կխոսեն Google-ի օնլայն ծառայությունների և Android ՕՀ-ի հետագա զարգացումների մասին: Չի բացառվում, որ կոնֆերանսի ժամանակ ցուցադրեն նոր բրենդային Nexus սարքեր, ինչպես նաև Google Glass խելացի ակնոցի սպառողների համար նախատեսված տարբերակ:

Նշենք, որ Strategy Analytics վերլուծական ընկերության տվլաներներով, 2013թ-ին Android-ը կազմում էր սմարթֆոնների շուկայի 78,9%-ը և պլանշետների շուկայի 62,3%:

Ընդհանուր, սովորաբար Google I/O-ի ժամանակ անցկացվում են ավելի քան 100 զեկուցումներ: