360yerevan.com՝ GoPro տեսախցիկից մինչև թռչող դրոններ Երևանի փողոցներում. Ալբերտ Պողոսյան (հարցազրույց)

197870_10150429896425133_1932691_n

2012-ին գործարկված 360yerevan.com կայքը այս տարի մեծ փոփոխություններ է կրել: Եթե նախկինում կայքում կարելի էր գտնել 360 աստիճանով ներկայացված միայն Երևանի փոքր կենտրոնը, ապա այսօր կայքը ներկայացնում է Երևանն իր ողջ կոլորիտով և տրամադրում նաև հավելյալ տեղեկություններ վայրերի մասին:

360yerevan.com-ի ստեղծման, զարգացման, նպատակների և նկարահանումների գործընթացի մասին itTREND.am-ը զրուցել է նախագծի հեղինակ Ալբերտ Պողոսյանի հետ:

Ո՞րն է եղել կայքի ստեղծման նպատակը և այսօր այն ինչի՞ն է ծառայում

360yerevan-ի նպատակը եղել է Երևանը ներկայացնել 360 աստիճանով, ինչպես աշխարհի շատ քաղաքներ ներկայացրել է Google-ը: Իսկ այսօր արդեն հասել ենք նրան, որ կայքը ծառայում է Երևանի մասին ամենամանրամասն տեղեկություն ստանալու աղբյուր: Այն զբոսաշրջիկների համար հիանալի գործիք է՝ տեղեկանալու Երևանի և մեր մշակութային օջախների մասին՝ կլինեն դրանք թանգարաներ, թատրոներ, համերգասրահներ, ճարտարապետական կոթողներ, հուշարձաներ կամ ժամանցային կառույցներ:

Քանի՞ վայր կա տեղադրված 360yerevan.com-ում

Արդեն հասել է 5000 դիտակետի, որոնց քանակը օր օրի ավելանում է

1240121_694037120663781_452497813_n

Ինչպե՞ս եք որոշում որ վայրը նկարել

Փորձել ենք նկարել Երևանի ամենահետաքրքիր փողոցները և բակերը: Գրեթե ամբողջ Երևանը արդեն կայքում է: Նախընտրություն տվել ենք հատկապես այն վայրերին, որտեղ շատ շենքեր կան, սակայն դադարեցրել ենք նկարահանումները եղանակների հետ կապված, եղանակների բացվելուն պես, երբ ծառերը կանաչեն, կսկսենք նորից նկարահանել:

Դեռ շատ կարևոր տեղեր կան որ չենք հասցրել նկարահանել և տեղադրել կայքում, իսկ մինչ այդ նկարահանում ենք կառույցների ներսը:

Կան բավական տպավորիչ վայրեր, որոնք վերևից՝ օդից եք նկարում: Ինչո՞վ եք նկարում, ուղղաթի՞ռ եք օգտագործում, դրո՞ններ, թե այլ միջոց

Արդեն քաղաքի 27 տարբեր տեղերից՝ բարձրից նկարահանում կատարել են 360 աստիճանով (Air Panorama)՝ չհաշված որոշ միջոցառումներ, որոնք նույնպես նկարել ենք բարձրից՝ 360 աստիճանով: Դրանց քանակը նույնպես կավելանա եղանակների լավանալուն պես: Բարձրից նկարահանումներ կատարելու համար օգտագործում ենք դրոն և GoPro տեսախցիկ: Նմանատիպ՝ մարդուն անհասանելի դիրքերից մենք առաջինն էինք, որ նկարեցինք Երևանը: Բարձրից նկարահանումների արդյունքում հավաքված կադրերով պատրաստեցինք նաև տեսահոլովակ Երևանի մասին, որը բացառիկ է իր կադրերով:

Կայքում կա «Բիզնեսի համար» բաժին, կմանրամասնե՞ք այդ մասին:

Մենք  կայքում ավելացնում ենք նաև քաղաքի լավագույն ժամանցային կառույցները, որպեսի մարդիկ կարողանան ծանոթանալ ներքին տեսքին և ընտրություն կատարեն այցելելուց առաջ, նաև կիսվեն իրենց պատմություներով այդ վայրերում:

Հենց այդ բաժնի միջոցո՞վ է կայքը ֆինանսներ գտնում: Ֆինանսավորման խնդիրը ինչպե՞ս եք լուծում

Մենք նկարում ենք ռեստորաններ, սրճարաններ և այդ գումարով զարգացնում ենք մեր միջազգային ստարթափը: Այս կերպ ենք աշխատում մինչև չգտնենք վերջնական ճիշտ բիզնես մոդել: Մենք նպատակ ունենք այս նախագիծը զարգացնել ամբողջ աշխարհի մասշտաբով՝ նկարել այլ քաղաքներ 360 աստիճանով:

Բացի վայրերը 360 աստիճան դիտելուց այլ ի՞նչ հնարավորություններ է տալիս կայքը: Կա՞ կոնկրետ վայրի մասին կարծիք հայտնելու կամ վարկանիշ թողնելու հնարավորություն

Բացի 360 աստիճանով շրջելուց, ցանկացած մարդ, գրանցվելով կայքում, կարող է ցանկացած տեղ 2 սեղմում (click) անել և բացված պատուհանում գրել իր պատմությունը, ավելացնել նկարներ այդ վայրի հետ կապված և հետո կիսվել այդ պատմությունով իր ընկերների հետ սոցցանցերում:

Պատմություները կարող են լինել թե՛ տվյալ մարդու հետ կապված, թե՛ քաղաքի: Այս կերպ մարդիկ կարող են նաև իրենց կողմից տեղեկություններ թողնել քաղաքի շենքերի կամ հուշարձաների մասին: Եվ վերջապես, կարող են պարզապես նկարներ ավելացնել՝ կատարված այդ վայրերում, կլինեն դրանք հին Երևանի նկարները, թե իրենց նկարները:

Կայքում արդեն 1000ից ավելի պատմություն կա, որոնց թիվը կրկին օրեցօր աճում է:

Սպասվու՞մ է արդյոք 360yerevan.com-ի բջջային տարբերակների թողարկում

Այո անպայման, մենք արդեն սկսել ենք հավելվածի վրա աշխատել, կաշխատենք հնարավորինս շուտ վերջացնել և ներկայացնել այն հանրության դատին :