Yahoo ընկերությունը պատրաստվում է թողարկել վերջին տարիների ընթացքում առաջին արտադրանքը, որը մշակվել է բացառապես ընկերության մասնագետների կողմից։ The Information-ը գրում է, որ շուտով հանրությանը կներկայացվի մեսենջեր, որը չի մշակվել ընկերությանը պատկանող ստարտափների կողմից, ինչպես դա տեղի էր ունենում սովորաբար։
Ըստ աղբյուրի՝ ծրագիրը կմեկտեղի կենդանի ու ձայնագրված տեսանյութերը, կպարունակի ուղիղ հեռարձակում ապահովող ֆունկցիաներ, ինչպիսիք օգտագործվում են, օրինակ, Skype-ում։
Հավելվածը թողարկվելու է ընթացիկ եռամսյակում։ Google-ի նախկին գլխավոր մենեջեր Մարիսա Մեյերը, ով գլխավորել է Yahoo-ն 2012-ից, երկու տարվա ընթացքում գնել է մի շարք ստարտափներ, այդ թվում՝ Tumblr, Qwiki, Xobni, GhostBirds Software, Stamped, Summly և այլն։ Վերջերս հայտնի դարձավ նաև, որ ընկերությունը հետաքրքրված է Foursquare գեոլոկացիոն ծառայությամբ, որը նախատեսված է check-in լինելու և շրջակայքում հետաքրքիր տեղեր հայտնաբերելու համար։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Yahoo-ն պատրաստ է վճարել գործարքի համար 900 մլն դոլար։
Աղբյուրը՝ The Information