Samsung ընկերությունը սկսել է իր երկրորդ սերնդի Gear VR Innovator Edition վիրտուալ իրականության սաղավարտի վաճառքը։ Նշենք, որ վերջինս նախատեսված է ընկերության նոր դրոշակակիր սմարթֆոնների համար։
Առաջին մոդելի հետ համեմատած, որն աշխատում էր Galaxy Note 4-ով, նորույթն ավելի թեթև է ու չափսերով փոքր։ Սարքի ներսում կա ներկառուցված հովացուցիչ, որն ավելի հարմարավետ է դարձնում Gear VR-ը երկարատև կրելը։
Gear VR Innovator Edition-ն ունի արագաչափ, գիրոսկոպ, մոտեցման սենսոր։ Որպես էկրան օգտագործվում է Galaxy S6-ը կամ Galaxy S6 Edge-ը։ Քանի որ վերոնշյալ մոդելներն ունեն ութամիջուկ Exynos 7420 պրոցեսոր և Super AMOLED Quad HD (2560 × 1440) էկրան, պատկերը շատ որակյալ և սահուն է ստացվում։
Սաղավարտում ապահովված է 96 աստիճան տեսողական անկյուն։ Սարքը կառավարվում է սենսորային պանելի և մի քանի կոճակների միջոցով։ Սաղավարտի չափսերն են 196,1 × 98,5 × 82,8մմ, քաշը մոտ 400 գրամ՝ սմարթֆոնի հետ միասին։
Նորույթն ԱՄՆ-ում վաճառվում է 200 դոլարով։ Այն կարելի է ձեռք բերել Samsung-ի կայքից կամ BestBuy խանութից։