Microsoft-ի նոր Windows 10 օպերացիոն համակարգը երկու օրում ունեցել է արդեն 14 մլն բեռնում, սակայն կան անձնական տվյալների պահպանության հետ կապված խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս աստիճանաբար։
Շատ մասնագիտացած տեխնոբլոգներ, մասնավորապես BGR News-ից Զաք Էփսթեյնը ահազանգում է, որ նոր օպերացիոն համակարգում անձնական տվյալների գաղտնիությունը վտանգի տակ է, և այդ կարգավորումները փոխելը բավական դժվար է ու ժամանակատար։ Մուտք գործելով համակարգ Microsoft-ի email ըքաունթով նշանակում է, որ Windows-ը «կարդում է» օգտագործողի նամակները, կոնտակտներն ու օրացույցի տվյալները։ Արդյունքում Edge դիտարկիչն առաջարկում է անհատականացված գովազդներ։ Բացի այդ՝ գովազդներ են ավելացվել նաև Solitaire խաղում։
Օպերացիոն համակարգը թարմացնելիս Windows-ը թույլտվություն է հարցնում տեսնել օգտագործողի e-mail-ները, կոնտակտները, ինչպես նաև օգտագործողի գտնվելու վայրերի մասին տվյալներ, որոնք տրամադրվելու են ոչ միայն Microsoft-ին, այլև «վստահված գործընկերներին»։ Բացի այդ՝ Microsoft-ի 45 էջանոց օգտագործման համաձայնագրում նշված է․ «Մենք մուտք կգործենք օգտագործողի անձնական տվյալներ, ներառյալ նամակները, ֆայլերը և այլն, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի»: