ICANN-ի փոխնախագահ․ Հայաստանն ICANN-ի համար օրինակելի երկիր է (exclusive)

Սեպտեմբերին 8-ին Երևանում եզրափակվեց ArmIGF 2015 առաջին ինտերնետ կառավարման համաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և Ինտերնետ Հանրություն հկ-ի կողմից։

Միջոցառման պատվավոր հյուրերից էր ICANN* միջազգային կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, ով զրուցեց ittrend.am-ի հետ։ 

— Ի՞նչ խնդիրներ եք տեսնում համաշխարհային ինտերնետ կառավարման ոլորտում։

— Չկան հատուկ խնդիրներ, որոնք լուծելով, մեր աշխատանքը կկարողանանք համարել կատարված․ ինտերնետն անընդհատ զարգանում է և ունի բազմաթիվ հարթություններ ու մակարդակներ, որոնցից յուրաքանչյուրում կան դինամիկ տեմպերով առաջացող և լուծում պահանջող խնդիրներ։ Այս առումով կարծում եմ նման ֆորումները օգնում են տարբեր երկրներին ընդհանուր լուծում գտնել և փոխզիջման գնալ։ Տարբեր երկրներում տարբեր առիթներով խնդիրներ կարող են ծագել, սակայն մեր նպատակն է համախմբված լուծում գտնել, որպեսզի տարբեր երկրներում տարբեր ինտերնետ չլինի։

— Ի՞նչ կասեք Հայաստանի մասին, ինչպե՞ս կգնահատեք ինտերնետ կառավարման մակարդակը Հայաստանում ու ի՞նչ խնդիրներ կմատնանշեք, որ տեսնում եք ոլորտում։

— Հայաստանում հարաբերությունների ու փոխազդեցության զարգացման մակարդակը շատ լավն է, այդ իսկ պատճառով Հայաստանն ICANN-ի համար օրինակելի երկիր է։ Որպես խնդիր՝ այստեղ տեսնում եմ ենթակառուցվածքային համակարգերը, որոնց զարգացման վրա արդեն իսկ տեսնում եմ ակտիվ աշխատանք։ Կցանկանայի, որ համաշխարհային ինտերնետի կառավարման գործում Հայաստանի ձայնն ավելի լսելի լիներ։

— Ազգային դոմեյններն այսօր արդեն մեծ տարածում են գտել աշխարհում, քանի՞ երկիր ունի իր ազգային տիրույթը։

— Այս հարցին դժվարանում եմ կոնկրետ պատասխանել, քանի որ երկրներ կան, որոնք ունեն տասնյակից ավել ազգային լեզուներ, օրինակ՝ Հնդկաստանը, որտեղ արդեն կան մի քանի ազգային դոմեյններ։ Կարելի է ասել՝ մոտ 25 երկիր ունեն իրենց ազգային դոմենային տիրույթը, բացի այդ՝ մի քանի տիրույթներ այժմ գտնվում են հաստատման փուլում։

Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է «.հայ» դոմենային գոտու առաջնային գրանցումը։ Այն կատարվում է առցանց, կտևի մինչև 2015թ. նոյեմբերի 30-ը, իսկ հայտի դիտարկման արժեքը 5000 դրամ է։ Այս փուլի նպատակն է առաջնային գրանցման հնարավորություն տալ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերին: Դոմենային անունը, որի համար հայտ է ներկայացվում, պետք է համապատասխանի ՀՀ-ում գրանցված ապրանքանիշին, ֆիրմային անվանմանը, մտավոր սեփականության այլ օբյեկտներին:

*ICANN–ը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը կարգավորում է աշխարհում ինտերնետ հասցեների դոմենային կառուցվածքի, դոմենային անունների, IP-հասցեների և ցանցի գոյության մեծ թվով այլ ասպեկտների հետ այս կամ այն կերպ կապ ունեցող բոլոր հարցերը։