MovieTrip հավելված՝ ճանապարհորդների ու կինոյի սիրահարների համար

Movie Trip-ը ճանապարհորդական հավելված է, որը ներառում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իրական` ֆիլմերում աչքի ընկած վայրերը: Այն թույլ է տալիս օգտագործողներին ավելի մոտ լինելու իրենց սիրելի կինոնկարներին և դրանց հերոսներին: Մի քանի վայրկյանում կարելի է քարտեզի վրա հեշտորեն գտնել այն այգին, որտեղ իսպանական կիթառ էին լսում «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմի հերոսները, կամ այն պիցերիան, ուր ժամանակ էր անցկացնում «Կեր, աղոթիր, սիրիր» ժապավենի հերոսուհին: Ամեն վայր ունի հասցե, քարտեզ, կադր ֆիլմից, տեսարանի նկարագրություն, մեջբերումներ և սոցցանցային գործիքներ, որոնք թույլ կտան օգտագործողին տեսնելու իրենց ընկերների ակտիվությունը հավելվածում: Տվյալների հենքն այս պահին ստեղծվում է թիմի կողմից, սակայն հետագայում այդ հնարավորությունը կունենան բոլոր օգտագործողները: Կայքում այժմ առկա են 173 ֆիլմերի 1509 տեսարաններ ու դրանց հետ կապված 1158 վայրեր։

Movie Trip-ը սկսնակ ընկերություն է՝ տեղակայված Գյումրիում և այն հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից կազմակերպված Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում, որի անցկացմանն աջակցել են ՀՀ կառավարությունն ու Համաշխարհային բանկը։ Ստարտափը հիմնադրվել է Աշոտ Գասպարյանի, Մհեր Սարգսյանի ու Արտավազդ Եղյազարյանի կողմից, ի դեպ, Արտավազդը հանդիսանում է գաղափարի հեղինակը և զբաղվում է հավելվածի բովանդակային մասով։ Կայքի աշխատանքի, սպասվող նորամուծությունների մասին ittrend.am-ը զրուցեց Movie Trip-ի տնօրեն Աշոտ Գասպարյանի հետ։

Աշոտ Գասպարյան
Աշոտ Գասպարյան

— Այժմ գործում է միայն Movie Trip-ի կայքը։ Իսկ ե՞րբ կթողարկվի բջջային հավելվածը և ո՞ր հարթակների համար այն կլինի նախատեսված։

— Այո աշխատում ենք այդ ուղղությամբ, և ս․թ․ նոյեմբերի վերջին կներկայացնենք Movie Trip-ի iOS և Android տարբերակները։

mt-main

— Բացի օգտագործողներին տվյալներ ավելացնելու հնարավորություն տալուց՝ ի՞նչ այլ նորամուծություններ կլինեն Movie Trip-ում։

— Հետագայում կներդրվի շրջագայության քարտեզ ստեղծելու հնարավորություն։ Օրինակ՝ կարող եք ստեղծել Հռոմի բոլոր ռոմանտիկ ֆիլմերի լավագույն դրվագների/վայրերի շրջագայություն, կամ Ջեյմս Բոնդի լավագույն դրվագների շրջագայություն։ Կներդրվի նաև կրծքանշանների (badge) գաղափար։ Բեյջը տրվում է տարբեր առիթներով, տրամադրման նախապայմանները մշակման փուլում են, և միշտ կարող են նոր բեյջեր ստեղծվել։ Օրինակ՝ կարող եք բեյջ ստանալ ֆիլմի բոլոր նշանակալի դրվագներով անցնելու և այդ վայրում գրանցվելու դեպքում (check in), դրա համար օգտատերը կարող է ստանալ «Կինոյի հերոս» բեյջը։

— Ինչպե՞ս եք գտնում ֆիլմերի նկարահանման վայրերը։

— Թիմի կազմում գոյություն ունեն համապատասխան աշխատակիցներ, որոնք դիտում են ֆիլմերը առանձնացում անհրաժեշտ վայրերը և համացանցում որոնումների արդյունքում գտնում տվյալ վայրերի տվյալները։

— Ի՞նչ կասեք Հայաստանի մասին, քարտեզում նշվա՞ծ են հայկական ֆիլմերի նկարահանման վայրեր։

— Այո, իհարկե, այսօր համակարգում առկա են դրվագներ «Տղամարդիկ», «Երջանկության մեխանիկա», «Տաքսի Էլի լավա», «Քայլ ձիով» ֆիլմերից։

mt-map

 —Կպատմե՞ք սոցցանցային գործիքների մասին․ ի՞նչ հնարավորություններ են դրանք տալիս օգտագործողներին։
— Օգտագրոծողին առայժմ տրամադրվում է հնարավորություն տարածել և մեկնաբանել։ Երբ թողարկվի հավելվածը, սոցիալական ֆունկցիաները կավելանան։

—Դուք Ձեր գործունեությունը ծալավում եք Գյումրիում։ Քանի՞ աշխատակից ունեք ու քանի՞սն են հենց Գյումրիից։
—Ներկայիս դրությամբ թիմը կազմված է 7 աշխատակցից, որից 4-ը մշտական գտնվում են Գյումիում, իսկ 3-ը՝ հեռակա։