Հոկտեմբերի 24-ին կայացավ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը, որում Marimba թիմի Spacecraft խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում: Marimba թիմի անդամ Աբել Ղազինյանը ittrend.am-ի հետ զրույցում ներկայացրեց խաղի մասին մանրամասներ։
Spacecraft-ը 2D խաղ է, տիեզերքի մասին է, թույլ է տալիս ստեղծել տիեզերանավեր՝ օգտագործելով տարբեր մասեր՝ շարժիչներ ու զենքեր։ Իրադարձությունները տեղի են ունենում Արեգակնային համակարգում։ Խաղի նպատակն է տիեզերանավով տարբեր առաջադրանքներ կատարել։
Խաղն առանձնանում է իր ֆիզիկայով, որում տիեզերական օբյեկտները ենթարկվում են ձգողության ուժերին և կարող են նաև բախվել միմյանց հետ։ Խաղում օգտագործվող տիեզերանավն ունի առանձնահատկություն՝ խարիսխ նետելու հնարավորություն, որի միջոցով կարելի է բռնվել արբանյակներից կամ երկնաքարեր քաշել։
Աբել Ղազինյանի խոսքով՝ թիմն այժմ աշխատում է խաղի բազմահոգանոց տարբերակը ստեղծելու ուղղությամբ։ Խաղը նախատեսված է Windows-ի ու Android-ի համար, հետագայում կթողարկվի նաև iOS-տարբերակը։ Խաղն անվճար է լինելու, սակայն կպարունակի ներքին գնումներ։ Այժմ կարելի է բեռնել Android-ի համար նախատեսված բետա-տարբերակը։
Խաղի մասին տեսանյութը դիտեք այստեղ։