«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությանը «Լավագույն կրթական խաղ» ճանաչված «Միլիոնատեր» խաղը Play Store-ում ներառվել է լավագույն անվճար խաղերի առաջին տասնյակում` գրավելով 7-րդ տեղը: Խաղի հեղինակը Այգեկի բնակիչ Վանիկ Սարգսյանն է:
Խաղն ստեղծվել է հանրահայտ հեռուստախաղի հիման վրա: Հայերեն տարբերակն առաջինն է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար։ ittrend.am-ի հետ զրույցում Վանիկ Սարգսյանն ասաց, որ շուտով կթողարկվի նաև խաղի iOS-տարբերակը:
«Խաղի վրա աշխատել եմ երկու ամիս: Հարցերը, որոնց թիվն աստիճանաբար ավելանում է, վերաբերում են տարբեր բնագավառներին, ինչ վերաբերում է բեռնումներին, ապա խաղը մինչ այժմ բեռնվել է արդեն մոտ 100 հազար անգամ»,-նշեց Վանիկը:
Խաղն անվճար է, սակայն iOS-տարբերակը հնարավոր է` վճարովի լինի: