Էդգար Մարուքյան. եթե չես սիրում ծրագրավորում, ուղղակի զբաղվում ես, որ շատ վաստակես, երբեք ծրագրավորող չես դառնա

Էդգար Մանուկյան

Դեկտեմբերի 12-ին Վանաձորում մեկնարկեց «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը, որը կազմակերպում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը, Հանրային լրագրության ակումբը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը:

Մրցույթին մասնակցում էին 70-ից ավելի թիմեր՝ ընդհանուր 260 մասնակիցներ Երևանից, Գյումրուց, Վանաձորից և այլ քաղաքներից։

Թիմերին ոգեշնչելու, ոգևորելու, հարցերին պատասխանելու համար մրցույթի ժյուրիի պատվավոր անդամ Peyotto Technologies ընկերության հիմնադիր Էդգար Մարուքյանը զրուցեց մասնակիցների հետ, կիսվեց սեփական փորձով:

«1999 թվականից, երբ 10-րդ դասարանի աշակերտ էի, սկսել եմ զբաղվել ծրագրավորմամբ: Այդ ժամանակ շատ ռեսուրս չկար, համակարգիչները քիչ էին, գրականություն չկար, Google էլ չկար, մի խոսքով` կային տեխնիկական բարդություններ ու խնդիրներ: Մեզ համար նույնիսկ պարզ չէր՝ ինչ դառնանք, ինչ սովորենք, որ կարողանանք աշխատանք գտնել: Այդ ժամանակ ծրագրավորողների պահանջարկ չկար, ծրագրավորողներն էին խնդրում աշխատանքի տեղավորվելու համար: Այսօր իրավիճակը միանգամայն հակառակն է, անգամ քիչ գիտելիք ունենալով հնարավոր է ընդունվել աշխատանքի, քանի որ պահանջարկը բավականին մեծ է՝ կա մոտ 2000 թափուր աշխատատեղ: Ասածս այն է, որ ներկայումս Հայաստանում ապրելով հնարավոր է դառնալ բարձր որակավորում ունեցող, բարձր վարձատրվող մասնագետ»,- մասնակիցների հետ զրույցում ասաց Peyotto Technologies-ի հիմնադիրը:

«Ծրագրավորման լեզուների, տեխնոլոգիաների առումով շատ-շատ բան եմ փորձել և վերջում գտա ինձ ամենահոգեհարազատ լեզուն ու ձեզ էլ խորհուրդ կտամ, որ ստիպված ոչ մի աշխատանք չանեք, ոչ մի ծրագրավորման լեզվի վրա չտառապեք, այլ գտնեք ձերը: Սա այն աշխատանքն ու մասնագիտությունն է, որ պետք է շատ սիրել ու շատ աշխատել՝ արդյունքի հասնելու համար: Աշխատանքային ժամերը չափազանց քիչ են, եթե ժամը 18:00-ին ավարտեք ու գնաք տուն, ապա հիշեք, որ առնվազն մինչև գիշերվա ժամը 1-ը նույնպես պետք է աշխատեք: Սա մի քիչ դժվար է, իհարկե, բայց եթե աշխատանքը ձեզ բավականություն պատճառի, արդյունք ստանալով հաղթանակած զգաք, ապա ծրագրավորումը կդառնա ձեր կենսակերպը, դուք ամեն ինչ կկարողանաք անել, ձեզ կզգաք կիսաաստվածներ, ինչպես հիմա ոչ ծրագրավորողներն են մտածում ծրագրավորողների մասին»,-անկեղծացավ ժյուրիի անդամը:

12386489_1162564037104777_1890041338_n

Հեքըթոնին մասնակցող թիմերը հետաքրքրվեցին, թե որն է եղել ամենաառաջին, ամենաանհետաքրքիր ու ամենահետաքրքիր ծրագիրը, որով զբաղվել է Էդգար Մարուքյանը:

«Առաջ մարդիկ ինտերնետ օգտագործում էին էլ. փոստ ստուգելու համար: Դա ամենաառաջնային ծառայությունն էր, որին մարդիկ/ընկերությունները բաժանորդագրվում էին, ու մենք, լինելով ինտերնետ պրովայդեր, տրամադրում էինք իրենց: Իրավիճակն այսպիսին էր, քանի որ ինտերնետ չունեին բաժանորդագրվողները: Եթե նրանք շատ վճարեին, ապա կունենային օրական 2 ժամ ինտերնետ: Մեր ընկերությունն ուներ բաժին, որը զբաղվում էր էլ. փոստերը վերլուծելով, այսինքն` ամսվա ավարտին՝ ուղիղ 10 օր, մի աշխատակից նստում էր ու 100 ՄԲ ֆայլը ուսումնասիրում էր՝ առանց հատուկ ծրագրի օգնության: Եթե նամակը համապատասխան բաժանորդից գնացել էր այլ մեկի, ապա կիլոբայթի քանակը գումարում էր, որ հետո բաժանորդներն ըստ կիլոբայթերի վճարի: Մեր գրասենյակ եկավ մեծ տարիքով մի ծրագրավորող, ով հանձն առավ ծրագիր գրել, որը կթեթևացներ տվյալ աշխատակցի գործը: Սակայն մինչ նա փորձում էր հիշել, թե Սովետական Միության քանդվելու վերջին պահերին ինչ նման աշխատանք էր արել, ես ընթացքում ծրագրավորում սովորեցի ու գրեցի նմանատիպ ծրագիր, որը շատ դանդաղ էր աշխատում, բայց ամեն դեպքում 2 ժամում էր կատարում այդ հետազոտական աշխատանքը՝ 10 օրվա փոխարեն:

Ցանկացած ծրագրավորողի համար ամենաանհետաքրքիրը ֆինանսական ոլորտի հետ շփվելու ու ֆինանսական, հաշվապահական ծրագրեր գրելն է:

Ամենահետաքրքիր ծրագրերի շարքում են 2 նախագիծ: Մեկը կապված է սոցիալական ցանցերի հետ և հնարավորություն է տալիս հետևել մարդկանց հետաքրքություններին: Մենք այսօր Facebook-ում շատ ընկերներ ունենք, ում գրառումներն ուզում ենք տեսնել, բայց կոնկրետ թեմայի մասին գրածը, ասենք ծրագրավորման վերաբերյալ գրառումները: Ներկայում Facebook-ը նման հնարավորություն չի ընձեռում, կամ պետք է տեսնել տվյալ մարդու բոլոր գրառումները, կամ ոչ: Տվյալ ծրագրի հետաքրքությունն այն է, որ մարդ կարող է ընտրել իրեն հետաքրքիր թեմաները և տեսնել միայն դրանց վերաբերյալ գրառումները:

Երկրորդ հետաքրքիր նախագիծը հայկական սկսնակ ընկերության հետ համագործակցություն է, որ թույլ է տալիս անիմացիոն վիդեոներ ստանալ՝ շատ բարձր որակի ու հետաքրքիր էֆեկտներով: Շատ հեշտ ինտերֆեյս է ստեղծվել, որ մարդիկ նկարներ են ընտրում, տեքստեր գրում և ստացվում է բարձրակարգ վիդեո: Ներկայումս 2 մրցակից ունենք, որոնք հին ընկերություններ են, սակայն նրանք չեն կարողանում ապահովել նման բարձր որակ»,- պատմեց Peyotto Technologies-ի հիմնադիրը:

12358224_1162563480438166_292262903_n

Մասնակիցները հետաքրքրվեցին նաև, թե ինչու ծրագրավորող ու ոչ թե իրավաբան, տնտեսագետ կամ այլ մասնագետ: Ի՞նչպես Էդգար Մարուքյանը կայացրեց այդ որոշումը:

«Երբ մենք ավարտում էինք դպրոցը, թրենդային էր տնտեսագիտություն ընդունվելը, ու պարզ չէր՝ ինչի ծրագրավորող դառալ: Իմ պարագայում որոշումն ինքնաբերաբար է ստացվել: Մինչ այդ ես աշխատում էի բանկային համակարգում՝ ֆինանսական հաշվետվությունների բաժնում, որտեղ կար ծրագրավորման կոմպոնենտ: Բայդ դա թողեցի ու եկա ծրագրավորման ոլորտ, որն ինձ հոգեհարազատ էր: Վերջին 2 գիշերը քնել եմ ժամը 4-ին, դրանից առաջ էլ մի գիշեր ժամը 5-ին, ու ես չեմ նեղվում դրանից, որովհետև ես սիրում եմ այն, ինչ անում եմ: Եթե մարդ չի սիրում այս մասնագիտությունը, ուղղակի զբաղվում է, քանի որ մտածում է` կարող է շատ գումար վաստակել, ապա նա ծրագրավորող չի դառնա երբեք: Ցանկացած այլ մասնագիտություն կարելի է սովորեցնել մարդուն, բայց ծրագրավորում՝ ոչ: Մարդ ինքնուրույն սովորեց՝ դարձավ, ոչ՝ այլ տարբերակ ուղղակի չկա»,-խորհուրդ տվեց Մարուքյանը:

Մրցույթի հաղթողների մասին կարդացեք այստեղ: