Ծանոթությունների համար նախատեսված հավելվածը կգտնի զուգընկեր՝ ըստ սրտի աշխատանքի (տեսանյութ)

Ծանոթությունների հավելվածների ոլորտում մեծ թափ հավաքած Once-ը, որը 4 ամսվա ընթացքում գրանցել է մոտ 600 հազար օգտատեր, ներգրավել է սրտի աշխատանք ստուգող սարքեր: Ծրագրում միացնելով Fitbit ֆիթնես-թևնոցն ու Android Wear ժամացույցը` օգտատերերը կարող են օգտագործել սրտի բաբախյունը որպես չափանիշ՝ համապատասխան զույգի ընտրության հարցում:

Մարդու սրտի աշխատանքի արագությունն արտացոլվում է Once-ում առաջարկվող պրոֆիլների դիտման ընթացքում: Հաջորդ՝ թարմացված տարբերակում վերամշակողները խոստանում են ավելացնել սեփական սրտի բաբախյունը պոտենցյալ ընտրյալին ուղարկելու հնարավորություն:

Գիտնականների կարծիքով` սրտի արագ աշխատանքը ուղեղում տեղի ունեցող քիմիական գործընթացների սկզբի ազդանշան է: Հմայիչ անձնավորության հանդիպելիս օրգանիզմը սկսում է արտադրել ադրենալին, էպինեֆրին, նորէպինեֆրին և այլ հորմոններ, որոնք կազմում են «սիրո բանաձևը»:

Ի տարբերություն Tinder-ի և ծանոթության համար նախատեսված այլ հավելվածների` Once-ն ազատում է պրոֆիլներ թերթելու և «լայքեր» շարելու անհրաժեշտությունից: Ծրագիրն օգտատերերին առաջարկում է օրական միայն մեկ թեկնածություն, իսկ յուրաքանչյուր պրոֆիլ խորապես վերլուծության է ենթարկվում համակարգչային ալգորիթմերի և ծառայության ադմինիստրատորների կողմից: