Մարկ Ցուկերբերգը՝ Samsung Galaxy S7-ի ցուցադրության ժամանակ

Samsung-ը  MWC-ի ժամանակ գրեթե չուներ ցուցադրելու նոր բան` կապված Galaxy S7 հեռախոսների հետ, քանի որ դրանց մասին տեղեկությունները վաղուց հայտնվել էին համացանցում: Սակայն ցուցադրությունն անհետաքրքիր չի անցել, ամեն ինչ փրկել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Samsung-ը հատուկ լրագրողների համար պատրաստել էր անակնկալ` նրանց հնարավորություն տալով հենց ցուցադրության ժամանակ փորձարկել իր նոր Gear VR վիրտուալ ակնոցները: Երբ եկավ ժամանակը դրանք փորձարկելու, բոլորն ապշեցին` տեսնելով բեմահարթակի մեջտեղում կանգնած Ցուկերբերգին՝ իր ավանդական մոխրագույն վերնաշապիկով: Հանդիսատեսի շարքերում սկսվեց մի իսկական խառնաշփոթ: Մարկը բեմ էր բարձրացել՝ պատմելու Facebook-ի և Samsung VR-ի համագործակցության մասին: Սակայն նրա խոսքերից ոչինչ չէր լսվում, քանի որ բոլորն զբաղված էին նրան լուսանկարելով:

Աղբյուրը` The Verge