Ինչով է հայկական «Գլոբբինգը» առաջ Ամազոնից

Կորոնավիրուսի պանդեմիայի «շնորհիվ» էլեկտրոնային առևտուրն իր վերջնական ու դոմինանտ տեղը հաստատեց առևտրի ոլորտում ու ընդհանրապես ռադիկալ փոխեց առևտրի մասին եղած դասական, հաճախ՝ քարացած պատկերացումները։
Էլեկտրոնային առևտրի հաղթարշավի մասին երկար կարելի է խոսել, բազմաթիվ օրինակներով, բայց եկեք կենտրոնանանք մեկ օրինակի վրա։ Այն էլ ինչ օրինակի՝ տեղական ։
Հանրահայտ Ask.com-ը և Insider.com-ը կատարել են անդրադարձ Կովկասում էլեկտրոնային առևտրի (e-commerce) ոլորտի զարգացման միտումներին, որպես հաջողված օրինակ էլ վերցրել է հայկական Globbing ընկերությունը:
Ask.com-ն ու Insider.com-ն ընդգծում են, որ Հայաստանում e-commerce ոլորտը սկսել է արագ տեմպերով զարգանալ դեռ 5 տարի առաջ․ դա պայմանավորված էր շուկայում «Գլոբբինգ» ընկերության ի հայտ գալու հետ, որին հաջողվեց մի քանի տարում լիովին փոխել գնումների մշակույթը Հայաստանում։
Ինչպես ընդունված է ամերիկյան հոդվածագրության մեջ, համեմատական զուգահեռները տարվել են հենց ամերիկյան հաջողված ընկերության հետ։ Եվ այդ ընկերությունը ոչ ավելի, ոչ պակաս՝ Ամազոնն է։ Online Shopping Network-ը «Գլոբբինգ»-ի աջակցությամբ 2,95 մլն բնակչություն ունեցող Հայաստանի ողջ տարածքում տեղադրել է արդեն 125-ից ավել ժամանակակից լոքեր` օժտված Touch ID, NFC անհպում վճարման համակարգերով, որոնցից հնարավոր է ստանալ նաև «Գլոբբինգ»-ի միջոցով կատարած պատվերները։ Միևնույն ժամանակ «Ամազոն»-ը ունի մոտ 20 000 լոքեր՝ 328.2 մլն բնակչությամբ ԱՄՆ-ում։ Այսպիսով, գերժամանակակից լոքերների քանակով Հայաստանը գերազանցում է ԱՄՆ-ին, եթե նկատի ունենանք երկու երկրների բնակչությունը։
Սա ահռելի հաջողություն է, երբ ներքին փոքր շուկա ունեցող պետությունում ստեղծվում է մի ընկերություն, որը համեմատական զուգահեռներով գերազանցում է Ամազոնին։
Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ անգամ պանդեմիայի լիարժեք հաղթահարումից հետո աշխարհն այլևս առաջվանը չի լինի։ Արդեն բազմաթիվ խոշոր ընկերություններ վերադասավորվել են, անցել են տնային ռեժիմի։ Ինչ վերաբերում է էլեկտրոնային առևտրին, ապա, ինչպես վերջերս ընդունված է ասել, հնին վերադարձ այլևս չի լինի։ Կանխատեսվում է, որ 2021-ին օնլայն գնումների մասնաբաժինը բոլոր ապրանքների և ծառայությունների վրա կատարած ծախսերի մեջ կկազմի մոտ 20-30%։ 2020-ին այդ ցուցանիշը կազմել է 20%, մինչդեռ 2019-ին` ընդամենը 14%: