Այսօր տեղի է ունեցել «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում» թեմայով քննարկում

Այսօր տեղի է ունեցել «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով սեմինարը, որը կազմակերպվել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից:

Սեմինարին մասնակցում էր նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան, ով իր խոսքում անդրադարձավ Հայաստանում ինտերնետ օգտատերերի անձնական տվյալների պահպանության խնդրին և մասնավորապես նշեց, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասն իր անձնական տվյալների պահպանությամբ ընդհանրապես մտահոգված չէ, թեև կիբեր-հանցագործությունները հենց անձնական տվյալներին են վերաբերում: «Նույնիսկ պետությունը երկար ժամանակ մտահոգված չի եղել. խորհրդային տարիներն անձնական տվյալների պաշտպանությունը լրիվ այլ կերպ էր ընկալվում՝ հանրությունն ուղղակի իրազեկ չէր, թե որքանով է սա կարևոր»,-պարզաբանեց փորձագետը:

Սակայն ըստ նրա՝ ապագայում այս իրավիճակի փոփոխման հույս կա` շնորհիվ արդեն իսկ գործող համապատասխան կառույցի` Անձնական տվյալների պաշտպանության գործակալության:

Փորձագետը խոսեց նաև այն մասին, որ Հայաստանում 3 համակարգչից 2-ը վարակված են: «Բնակչության մեծ մասը համակերպվում է դրա հետ, քանի որ այդ առումով մեծ վտանգ չի տեսնում: Մենք տեղից չենք շարժվել, երբ աշխարհը շարժվում է առաջ ՏՏ ոլորտում: Մեզ մոտ գործում է ինքնակարգավորումը, երբ հանրությունն իր սխալների վրա է կրթվում: Գնալով նվազում են դեպքերը, երբ համակարգիչների վրա համացանցից հարձակումներ են լինում: Ինքնակարգավորումն, իհարկե, մեթոդ է, սակայն դա տարիներ է պահանջում, մինչդեռ հնարավոր էր մի քանի ամսում լուծել առկա խնդիրները: Իսկ որտեղի՞ց են ծագում այդ խնդիրները, կարծում եմ՝ կրթության պակասից»,-ավելացրեց Ս.Մարտիրոսյանը: