LeEco-ն ներկայացրել է 50 դյույմ անկյունագծով գերբարակ Super TV-ն

Իր վերջին կոնֆերանսի ժամանակ չինական LeEco ընկերությունը, որը նախկինում հայտնի էր որպես Letv, ներկայացրել է ոչ միայն իր Le 2, Le 2 Pro և Le Max 2 սմարթֆոնները, այլ նաև չորրորդ սերնդի LeEco Super TV հեռուստացույցների շարքը: Ինտերնետ հեռուստացույցների նոր շարքում են ներառվել X4-50 Pro և X4-50 մոդելները:

Հեռուստացույցը համալրված է 50 դյույմ անկյունագիծ էկրանով` Full HD (1920 x 1080) թույլատրելիությամբ` X4-50 մոդելի դեպքում, իսկ X4-50 Pro-ի վրա 4K (3840 x 2160) թույլատրելիություն է: Էկրանները ներկառուցված են բարակ մետաղե պատյանների մեջ, որոնց հաստությունն ընդամենը 9.9 մմ է: Հեռուստացույցների հիմքում ընկած է Mstar 6A938 պրոցեսորը, 3 ԳԲ օպերատիվ հիշողությունը և 16 ԳԲ (X4-50) կամ 32 ԳԲ (X4-50 Pro) ներկառուցված հիշողությունը: Ֆունկցիաների կառավարումն իրականացվում է EUI 5.8 TV-ի շնորհիվ, որը հիմնված է Android 6.0 Marshmallow ՕՀ-ի վրա: Հեռուստացույցն ունի նաև վեբ-տեսախցիկ, Wi-Fi (802.11ac) և Bluetooth 4.1 LE կապերի հնարավորություն, երեք HDMI 2.0 և երկու USB 3.0 անցքեր:

Ինչպես նշում է ընկերությունը, հեռուստացույցների բոլոր մոդելների գները գործարանայինից ցածր են, քանի որ այն նպատակ ունի ինտեգրելու օգտատերերին իր ծառայությունների էկոհամակարգում: Հեռուստացույցները վաճառքում կհատնվեն ապրիլի 26-ին LeMall.com և LePar ինտերնետ խանութներում` 386 և 463 ԱՄՆ դոլարով:

Աղբյուրը` FoneArena