IBM ISTC Startup Challenge-ի հաղթողները պարզ կդառնան հունիսի 25-ին

Հունիսի 25-ին տեղի կունենա այս տարվա ապրիլին մեկնարկած 10-շաբաթյա IBM ISTC Startup Challenge մրցույթի DemoDay-ը, որի ընթացքում 6 թիմեր կներկայացնեն իրենց գաղափարները, և կընտրվեն մրցույթի հաղթողները: DemoDay-ն ընթանալու է SeedStars մրցույթի հետ նույն վայրում (Հայաստանի ամերիկյան համալսարան, Մանուգյան սրահ), որն իրականացվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ:

IBM ISTC Startup Challenge մրցույթի ավելի քան 40 դիմորդներից մրցութային փուլին մասնակցելու համար ընտրվել են 10-ը, որոնցից 6-ը անցել են մինչև եզրափակիչ փուլ: 10 շաբաթների ընթացքում թիմերի համար իրականացվել են թեմատիկ սեմինարներ՝ սկսած գաղափարի ձևավորումից և զարգացումից, մինչև մուտք դեպի շուկա: Թիմերն իրենց աշխատանքի ընթացքում օգտագործել են IBM Watson արհեստական բանականության կողմից տրամադրվող ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս սեփական լուծումը դարձնել «խելացի» առանց մեծ ջանքեր գործադրելու:

Մրցույթի հաղթող երկու թիմեր ստանալու են 1000 դոլարին համարժեք դրամական մրցանակներ: Իսկ թիմերից մեկը կստանա հատուկ մրցանակ IBM-ի կողմից՝ 120,000 դոլարին համարժեք IBM ծառայություններից օգտվելու կտրոն: Լավագույն թիմերին կառաջարկվի շարունակել իրենց աքսելերացիան ISTC նորաբաց կենտրոնում (բացումը սպասվում է հուլիսին):

Հաղթող թիմերն ընտրվելու են գնահատման երկու փուլով՝ գնահատականի մի մասը տրվելու է կազմակերպիչների կողմից` հիմնված թիմերի 10 շաբաթների ընթացքում իրականացրած աշխատանքի և աճի վրա, իսկ մյուս մասը կտրվի ժյուրիի կողմից՝ DemoDay-ի ընթացքում թիմերի ներկայացումները լսելուց հետո:

IBM ISTC-ն ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) և ՁԻՀ-ի հետ համատեղ կշարունակի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատանքները 2016 թվականի ընթացքում: Հուլիսին սպասվում է ամենամյա IBM Bluemix Hackathon-ը, իսկ սեպտեմբերին կսկսվի ISTC Acceleration առաջին փուլը` արդեն իսկ նորաբաց կենտրոնի ներսում:

ittrend.am-ի հարցազրույցը IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) բիզնեսի զարգացման ղեկավար Արեգ Գևորգյանի հետ կարդացեք այստեղ: