Հայտնի են #inno4health նորարարության ճամբարի հաղթողները

Ավարտվել է Կոլբա Լաբի կազմակերպած inno4health  նորարար գաղափարների մրցույթը, որին կարող էր մասնակցել յուրաքանչյուր ցանկացող` առանց որևէ սահմանափակման: 2016թ. ճամբարի համար ստացվել էր ավելի քան 55 գաղափար և մոտ նույնքան մասնակցության հայտ: Առաջին փուլի ընտրության համար հրավիրվել էր մասնագիտական ժյուրի, որը գնահատել էր ստացված գաղափարները ըստ նախապես հրապարակված չափանիշների:

Ճամբարը մեկնարկել էր ուրբաթ երեկոյան, որտեղ 5 գաղափարների հեղինակները հակիրճ ներակայացրին իրենց գաղափարները, ճամբարի մասնակիցներն էլ միացան իրենց առավել հետաքրքիր գաղափարին, և կազմված թիմերն երկու օր շարունակ աշխատեցին միասին՝ մշակելով նորարար ծրագրեր և նախագծելով դրանց մոդելները:

Կիրակի օրվա ավարտին մասնակիցները իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրեցին ժյուրիին, որի կազմում էին.

1. Կարեն Վարդանյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն,

2. Լիլիթ Գևորգյանը, ՏՏ գործատուների միության գործադիր տնօրեն,

3. Արամ Մխիթարյանը, Հելիքս Կոնստալտինգ ընկերության տնօրեն,

4. Արաքսյա Մարտիրոսյանը — World Startup Cup-ի փոխնախագահ,

5. Ալեքսանդր Բազարչյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն,

6. Աստղիկ Գրիգորյանը, ԱՄՆ ՄԶԳ,Առողջապահական նախագծերի կառավարման մասնագետ,

Թեժ քննարկումներից հետո ժյուրին ընտրեց երեք գաղափար, որոնք հնարավորություն կունենան անցնել Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը, որն ենթադրում է ինչպես ֆինանսական աջակցություն (մինչև $3000), այնպես էլ փորձագիտական ու խորհրդատվական աջակցություն ծրագրերի իրականացման ընթացքում:

Առաջին մրցանակի արժանացավ Սաթենիկ Գրիգորյանի թիմը, որը աշխատում էր բջջային հավելվածի մշակման վրա: Պայմանական անունով PanDoc հավելվածը կօգնի օգտատերերին պարզ հարցերի միջոցով պարզել իրենց առողջական խնդրի հավանական պատճառը և կուղորդի համապատասխան մասնագետի մոտ: Օգտատերերն այլևս ժամանակ չեն ծախսի բազմաթիվ բժիշկներին այցելության համար և կկարողանան մասնագետների ընտրության հարցում խորհրդատվություն ստանալ: Սաթենիկը ղեկավարում է նաև Doctors.am պլատֆորմը և այս հավելվածը ստեղծելիս կօգտագործի գոյություն ունեցող պլատֆորմի բժիշկների ու օգտատերերի բազան:

13653100_923624271097859_3218179855188124472_o

Երկրորդ մրցանակը բաշխվեց երկու թիմերի միջև:

Գայանե Հովհաննիսյանի թիմը մշակել էր բջջային հավելվածի մոդել, որի նպատակն է օգնել աուտիզմով սպեկտրի խանգարումներով երեխաներին լինել հնարավորինս ինքնուրույն իրենց առօրյա գործողություններում: Հայալեզու հավելվածում տեղ գտած «Սոցիալական պատմությունների» միջոցով երեխաների մոտ հնարավոր կլինի զարգացնել շփման հմտություններ, կազմակերպել և ուղորդել առօրյա գործողությունների կատարումը, ինչպես նաև ծնողները հնարավորություն կունենան հետևելու երեխաների քայլերին՝ անգամ նրանցից հեռու լինելով:

Իսկ Սաթիկ Բադեյանի թիմն աշխատում էր մի ինտերնետայինպլատֆորմի նախագծի վրա, որը կօգնի մատչելի կերպով կտեղեկացնի օգտատերերին առողջապահության ծառայությունները կարգավորող օրենքների ու ընթացակարգերի մասին, ինչպես նաև նրա մասին, թե որ բուժ․ ծառայություններն են մատուցվում պետ․ պատվերով և դրանց տրամադրման կարգի մասին: Այս գործիքը կարող է նաև միջնորդի հանդիսանալ հիվանդի և բուժ.հաստատության միջև տարբեր պատճառներով ծագած վեճերի լուծման հարցում:

Ճամբարի ընթացքում ներկայացված նախագծերի մասին ittrend.am-ն ավելի մանրամասն կներկայացնի առաջիկայում: