Girls in Tech-ը (GIT) շահույթ չհետապնդող համաշխարհային կազմակերպություն է, որի նպատակն է ներգրավել, կրթել և առաջ մղել ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող կանանց և աղջիկներին: Այն հիմնվել է 10 տարի առաջ՝ 2007թ. Սան Ֆրանցիսկոյում Ադրիանա Գասկոինի կողմից:
Տարիների ընթացքում այն տարածվել է և բացվել է 60-ից ավելի մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում: Ներկայումս, Girls in Tech կազմակերպության շուրջ համախմբված է ավելի քան 50.000 անդամ ամբողջ աշխարհում:
2016թ. վերջից Հայաստանում նույնպես գործում է Girls in Tech-ի տեղական մասնաճյուղ: itTrend-ը զրուցել է Girl in Tech Armenia-ի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանի հետ: Նա ներկայացրեց կազմակերպության առաջնահերթությունները, Հայաստանում ծավալվող գործունեությունը և սպասվող իրադարձություները:
Որո՞նք են Հայաստանում GIT-ի առաջնահերթությունները: Որքանո՞վ են, ըստ Ձեր ուսումնասիրությունների, Հայաստանում կանայք և աղջիկները ներգրավված և հետաքրքրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով:
-Մենք Հայստանում գործում ենք 2016-ի ավարտից: Հետևում ենք հիմնական 3 արժեքներին՝ ոգևորել, ներգրավել և կրթել: Սիլիկոնյան հովտում գործող կազմակերպության գլխամասը մեզ աջակցում է բոլոր հարցերով թե՛ ռեսուրսների տրամադրմամբ, թե՛ մեր նախաձեռնությունների հովանավորչությամբ:
Չկա հստակ վիճակագրություն: Պաշտոնական վիճակագրությամբ աշխատում ենք չառաջնորդվել, քանի որ դրանք ամբողջական չեն ներկայացված, ոչ լիարժեք են: Հիմա մենք անում ենք մեր ուսումնասիրությունը՝ մեկ առ մեկ մոտենում ենք ՏՏ կազմակերպություններին, փորձում հաշվել՝ քանի՞ կին աշխատող կա, նաև ի՞նչ դերակատարություն ունեն, արդյոք ղեկավար դեր ունեն:
Ամբողջ աշխարհում բավականին փոքր են թվերը, չկա մի երկիր որի ՏՏ սեկտորում ղեկավար դերակատարություն ունեցող կանաց թիվը գերազանցի 20 տոկոսը:
Որո՞նք են, ըստ Ձեզ, կանանց փոքր ներգրավվածության պատճառները:
-Կան բազմաթիվ կարծրատիպեր, որոնք հատուկ են ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհում տարածված են դրանք: Դրանցից մեկն այն է կարծիքն է, որ տղաները ավելի հակված են բնագիտական, ճշգրիտ գիտությունների կողմին, ունակությունները համեմատաբար մեծ են: Այդպիսով ավելի քիչ աղջիկներ են համարձակություն ունենում մաքուր տեխնոլոգիական կրթություն ստանալ: Կարծրատիպերը շարունակվում են և հասնում աշխատաշուկա, որտեղ նույնպես գերակշում են տղաները: Աշխարհում շատ քիչ տղամարդ ղեկավարներ են համարձակվում տեխնոլոգիական կարևոր պաշտոնների համար վերցնել կին աշխատող: Համաձակության պակասը, որոնց հիմքում կարծրատիպերն են: Հայաստանն էլ բացառություն չէ այդ առումով:
Իսկ ի՞նչ շարժ եք տեսնում, դրական փոփոխություննե՞ր նկատվում են Հայաստանում:
-Այո կա դրական շարժ, ինչը օգնում է նաև կանաց դերի բարձրացմանը: Մեր կազմակերպությունը նպատակ ունի օգնել: Մենք փորձում ենք հնարավորինս բալանսավորել կանանց մասնակցությունը ՏՏ ոլորտում՝ ծրագրավորումից մինչև ձեռներեցություն:
Առաջիկայում ի՞նչ նախաձեռնություններ կան, ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել նպատակները:
Առաջիկայում փետրվարի 26-ին իրականացվելու է վստահության կառուցման սեմինար՝ Power Builder Bootcamp-ը, որի շրջանակում բավականին մեծ վաստակ ունեցող ինովացիոն քոուչ և խորհրդատու Հիլարի Վեբերը կվարի վստահությունը բարձրացնող ու մոտիվացնող խորհրդատվական 6 ժամանոց թրեյնինգ: Նպատակը ոգևորել ու խորհուրդներով օգնել աղջիկներին, իրենց նպատակներին հասնելու համար: Որից հետո ևս 2 նախաձեռնություն է սպասվում: Մեկը՝ Առցանց դասարանի (Online Classroom) հնարավորությունն է: Երիտասարդ աղջիկների, ուսանողների համար 8 շաբաթանոց ծրագիր է: Մեկ այլ նախաձեռնություն էլ՝ Hacking for Humanity հաքաթոնն է, որը կազմակերպելու և մասնակցելու են կանայք և աղջիկները:
Ինչ եք կարծում, կգա՞ մի ժամանակ, երբ արդեն կանայք գերակշռող դերակատարություն կունենան ՏՏ ոլորտում:
-Չգիտեմ՝ երբ կգա այդ ժամանակը, բայց ես շատ ուրախ կլինեմ, որ գոնե թվային ու դերային առումով հավասարություն վերականգնվի:
Նունե Գրիգորյան