Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հիմնած նոր հարթակը կօգնի սկսել կարիերա ՏՏ ոլորտում

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հիմնել է նոր բիզնես: Նա ստեղծել է Woz U կրթական հարթակը, որը կօգնի ձեռք բերել ՏՏ ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ:

The Verge-ի փոխանցմամբ, Սթիվ Վոզնյակի նոր սթարթափը ժամանակի ընթացքում պետք է վերածվի ավելի քան 30 կրթական կենտրոնից բաղկացած ցանցի ամբողջ աշխարհում, որը կառաջարկի դասընթացներ ծրագրային ապահովումից մինչև կիբերանվտանգություն: Սթիվ Վոզնյակի նոր նախագծի մասին տեղեկություններն այնքան էլ շատ չեն, հայտնի չէ այդ դասընթացները վճարովի, թե անվճար են լինելու:

Վոզնյակի կրթական հարթակն առաջարկում է գործիքներ և ռեսուրսներ, որոնք թույլ կտան մարզել գործընկերներին և վարձել նոր աշխատակիցներ: Woz U-ն պատրաստվում է տրամադրել նաև անհատական մենթորության ծառայություններ, ինչպես նաև ստեղծել սեփական սթարթափ-աքսելերատորը՝  ՏՏ ընկերություն հիմնել ցանկացողների համար:

Woz U-ի հիմնական նպատակը՝ խթանել գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի և մաթաեմատիկայի հանդեպ հետաքրքրությունը: Ընդ որում, Վոզնյակը հայտարարել է, որ Woz U-ն ձգտում է տալ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող գիտելիքներ:

«Մարդիկ հաճախ վախենում են ընտրել տեխնոլոգիական կրթությունը, քանի որ նրանց թվում է, որ չեն հաջողի: Ես գիտեմ, նրանք կարող են և ցանկանում եմ ցույց տալ, թե ինչպես է պետք անել: Ամբողջ կյանքում աշխատել եմ, որպեսզի զարգացնեմ և բարելավեմ աշխարհը՝ տեխնոլոգիաների միջոցով և մշտապես հարգանքով եմ վերաբերվել կրթությանը: Այժմ եկել է  Woz U-ի ժամանակը և մենք դեռ նոր ենք սկսում»,-ասվում է Վոզնյակի հայտարարությունում:

Արդեն թողարկվել է նաև Woz U հավելվածը, որտեղ հասանելի են մի քանի ներածական դասընթացներ: