Շտեմարան: Հայկական արտադրության կրթական հավելված

 Այժմ հայոց լեզվի և գրականության քննություններին պատրաստվելը հեշտ կլինի: Luseen Mobile ընկերությունը առաջարկում է եզակի լուծում դպրոցականների և հայոց լեզու սովորողների համար: ITtrend.am-ը զրուցել է համահեղինակ Վարազդատ Ավետիսյանի հետ հավելվածի առավելությունների ու ընձեռած հնարավորությունների մասին:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում «Շտեմարան» հավելվածը:

-Շտեմարան հավելվածը թույլ է տալիս նախապատրաստվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական և միասնական քննություններին, ստուգել գիտելիքների մակարդակը ժամանակի ցանկացած պահին և ցանկացած վայրում։ Այն ուսուցման յուրօրինակ էլեկտրոնային վարժասարք գործիք է, որում առանձնացված են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի շտեմարանի բոլոր բաժինները և օգտատերը հնարավորություն ունի յուրաքանչյուր բաժնից հարցին պատասխանելուց հետո տեսնել ճիշտ պատասխանը, ինչպես նաև ստանալ վիճակագրություն թեստի արդյունքների վերաբերյալ։

 

-Ինչքա՞ն է տևել հավելվածն ամբողջական տեսքի բերելու գործընթացը:

-Հավելվածի մշակման աշխատանքները տևել են շուրջ 4 ամիս՝ տվյաների բազայի մուտքագրումից, դիզայնի մշակումից մինչև վերջնական թեստավորում։
Շտեմարան հավելվածի թեստային առաջադրանքերի բազան ներառում է «Հայոց լեզու և հայ գրականություն» շտեմարանի 4 գրքերի հարցերը, որոնք մուտքագրվել է հրապարկված թեստային հարցերի հիման վրա։

-Քանի՞ ներբեռնում ունի և ովքեր են հեղինակները:

-Հավելվածն այս պահին ունի շուրջ 2500 ներբեռնում։
Շտեմարան հավելվածը մշակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Luseen Mobile ընկերության (luseen.com) կողմից: Luseen Mobile-ն ունի թողարկած մի շարք սեփական գաղափարային հավելվածներ՝ «Զվարթնոց» «Dram Today», «LuseeNet», «Profi4.me»:

-Քանի՞ բաժին ունի հավելվածը և որոնք են դրանք:

-Հավելվածն ունի մի քանի բաժին՝ ոճագիտություն,շարահյուսություն, բառագիտություն, հնչյունաբանություն, կապակցված խոսք և այլն:

-Ինչպե՞ս օգտվել «Շտեմարանից»

-Նախ պետք է այն ներբեռնել  կա՛մ App Store, կա՛մ  Google Play առցանց խանութներից, հետո գրանցվել՝ անուն, գաղտնաբառ ու հաստատել դրանք և արդեն կարող եք անցնել հանձնարարություններ կատարելուն:

Սյուզան Թոսունյան