Passparto-ն դիզայներների համար նախատեսված հարթակ է, որը թույլ է տալիս առցանց տարածության մեջ, առանց աշխարհագրական դիրքի խոչընդոտների, լուծել գրաֆիկական դիզայնի հետ կապված խնդիրները։ Ittrend.am–ը զրուցել է համահեղինակ Դավիթ Հակոբյանի հետ` պարզելու, թե ինչ հնարավորություններ է ընձեռում Passparto–ն։
–Ի՞նչ հնարավորություն է ընձեռում կայքը:
-Passparto-ի միջոցով կարող եք գտնել ձեր ցանկացած դիզայնը և արագ ստանալ այն ձեր նախընտրած դիզայներից` ընտրելով նրա աշխատանքների պայմանները։ Passparto-ում հատուկ համակարգեր կան, որը օգնում է հաճախորդին ավելի լավ բացատրել իր ցանկությունները դիզայներին և մաքսիմալ պարզ նկարագել, թե ինչ է իրեն անհրաժեշտ։
–Իսկ լեզվական խոչընդոտները, չեն խանգարո՞ւմ:
-Կարող եք հայերենով նամակ գրել և ձեր ընտրած դիզայները նամակը կստանա իր մայրենի լեզվով։ Օրինակ` եթե դուք գրեք չինացի դիզայների, նա նամակը կստանա չինարենով և, պատասխանելով չինարեն, այստեղ դուք կստանաք հայերեն։ Ունի նաև witheboard համակարգ, ինչի շնորհիվ կարելի է փոխանցում անել համակարգում և անհրաժեշտ չլինի ֆայլ ներբեռնել և նոր ինչ-որ փոփոխություններ կատարել։
–Ե՞րբ է սկսել իր գործնեությունը Passparto–ն:
–2017–ին Հայաստանում Digitec-ին մասնակցելուց հետո, մենք նոյեմբերի 6–ին մանակցեցինք նաև Պորտուգալիայի Web summit–ին, որտեղ և տրվեց հարթակի գործունեության պաշտոնական մեկնարկը։
–Ինչքա՞ն ժամանակ եք ծախսել կայքը ստեղծելու համար։
–Գաղափարն իրականացնելու և բիզնես ծրագիրը մշակելու համար պահանջվել է 1 տարի։ Նախագծի վրա, ամբողջ աշխարհում, աշխատում է առնվազն 50–ից ավել մասնագետ՝ մարկետոլոգներ, դիզայներներ, ծրագրավորողներ։ Հայաստանում, հիմնականում ծրագրավորողների թիմն է աշխատում։ Երկրորդ գլխավոր գրասենյակը Իսրայելի մայրաքաղաքում՝ Թել Ավիվում է։
-Ի՞նչ նորույթներ են ներդրվել կայքում վերջին ամիսներին։
–Նախ մեր թիմն է մեծացել, շուտով` ապրիլին, հասնելի կլինի մոբայլ հավելվածը, որը դեռ թեստավորման փուլում է։ Նախատեսված է IOS և Android հարթակների համար։ Մոտ 80 %–ով փոփոխել ենք կայքի դիզայնը, պատրաստվում ենք այն ներկայացնել ԱՄՆ–ում։ Նաև ներդրել ենք զրուցարանի(chat) անվտանգության համակարգը` բացի պատվիրատուից և դիզայներից երրորդ անձին այն հասանելի չի լինի։
Սյուզան Թոսունյան