iPASS Center. Appleյան գործիք Հայաստանի համար

iPASS-ը էլեկտրոնային քարտերի թողարկման և սպասարկման տեխնոլոգիա է, որը համակցված աշխատում է Apple Wallet/Passbook&Wallet Passes գործիքներ հետ։ Ittrend.am–ը զրուցել է iPASS Center–ի համահիմնադիր Հայկ Մեսիայի հետ, պարզելու` արդյո՞ք Հայաստանում զարգացած է վճարման նման համակարգը, ի՞նչ են առաջարկում իրենք և զարգացման ի՞նչ միտումներ կան։

 

–Ի՞նչ է իրենից ներկայացնում iPASS Center–ը և ե՞րբ է ստեղծվել։

–Ստեղծվել է անցյալ տարի մոտավորապես սեպտեմբեր–հոկտեմբեր ամսիներին` Մոսկվայում։ Հեղինակը ընկերս է, ով ինձ առաջարկեց միանալ իրեն ու ավելի զարգացնել այս հարթակը։ Որոշեցինք այն բերել Հայաստան և այստեղ էլ ներդնել այդ համակարգը։

–Ինչպե՞ս ընդունեց հասարակությունը  նման առաջարկը։

–Հայաստանն այս պարագայում մեզ համար ավելի շատ «պալիգոն» է, որովհետև  հաճախորդները կամակոր են։ Դրսի շուկայում քմահաճ լինելու խնդիր չկա` ամեն առավելություն այնտեղ առանձին–առանձին էլ կարող ես վաճառել ու կգնեն հաստատ։ Մեր դեպքում շատ են կամակորությունները` բարդ է այստեղի համար, չնայած մինիմալացրել ենք գործընթացը, բայց դե..

 

–Ի՞նչ է առաջարկում ընկերությունը և ի՞նչ առավելություններ ունի։

–Մենք տրամադրում ենք հարթակ, որ միջոցով ցանկացած բիզնես կարող է ստեղծել վճարման վիրտուալ քարտեր, որը միացվում է իրենց արդեն գործող համակարգին ու արտացոլում է իրենց համակարգի եղածը քարտի վրա` հաշվի մնացորդ, բոնուսներ և այլն։ Օրինակ` եթե պլաստիկ քարտով  վճարեցիր, դու չգիտես` ինչքան ես կուտակել, այս պարագայում 1 րոպեի ընթացքում push–ը կգա, որ քո հաշվի բալանսը ինչ–որ գումար է կազմում։ Առավելություններից մյուսը, որ կարողանում են հաճախորդի հետ ընկերությունները նոր կապ ստեղծել։ Շատերը շփոթում են, որ մերը հավելված է, բայց իրականում` ոչ, հավելված չէ։ Հիմքը Apple–ն է դրել, ցանկացել են պլաստիկի մոդելով այնպիսի քարտեր սարքել, որոնք կփոխարինեն պլաստիկներին։ Սրա միջոցով կարող ես ծանուցումներ ուղարկել, կա բաների տարածք, որը ակցիայից ելնելով` կարող են փոխել և այլն։ Մարդը արդեն չոր SMS տեքստ չի ստանում, բացում է նամակը` արդեն ավելի վիզուալ է տեքստը` նկարով և այլն։ Ինչպես իրական պլաստիկ քարտը սա էլ ունի դիմային մաս և հետնամաս։

–Այսինքն `տեղի է ունենում տվյալների հավաքագրում։ Իսկ ինչպե՞ս է այդ դեպքում որոշվում անվտանգության հարցը։

–Մենք ուղղակի տրամադրում ենք այսպես ասած «աշխատասենյակներ»։ Իհարկե, երրորդ կողմին տվյալներ չենք տալիս, դա մեր ընկերության կանոնադրության մեջ նշված է։ Մենք չենք կարող ծանուցումներ ուղարկել բաժանորդներին և այլն։ Միակ կետը, որ կարող ենք խախտել, եթե նկատենք ոչ թույլատրելի բան` կարող ենք անջատել կամ ջնջել «աշխատասենյակը»։ Դրանք սովորական պայմաններ են։

–Ովքե՞ր կարող են օգտվել համակարգից ու դառնալ ձեր հաճախորդները։

–Ցանկացած մարդ, ով ունի սմարթֆոն` թե՛ Android, թե՛ IOS։ Հենց սմարթֆոնի մասին է խոսքը գնում։ Բայց, Android–ի դեպքում կարող են նաև պլանշետի վրա օգտագործել, բայց միտք չկա` պլանշետով  չես գնա խանութ ու քարտդ ցույց տա դրանով։ Android–ի դեպքում պետք է մեկ անգամ դրամապանակը ներբեռնել, իսկ IOS–ի դեպքում ամեն ինչ պարզ է` երբ սմարթֆոնը գնեցիր, այնտեղ մեջը կա առանց ջնջելու հնարավորության։

–Առաջարկվող առավելությունների մասին խոսեցինք։ Իսկ ի”նչ օգուտներ է իր հետ բերում այս համակարգի ներդրումը։

–Բիզնեսի տեսանկյունից ծախսերը նախ նվազում է` SMS ուղարկելու ու պլաստիկ քարտեր տպելու համար գումար չի ծախսում ընկերությունը։ Եթե հաճախորդը կորցրեց սմարթֆոնը, կարելի է 1 նամակի միջոցով ուղարկել իր քարտի լինկը ու վերջ։ Կամ, եթե սմարթֆոնը միացած է Gmail–ին կամ  iCloud–ին, նման խնդիրը բացառված է։ Նաև այսպիսի գործառույթ ունենք` գեոլոկացիա, երբ հաճախորդը 300–500 մետր շառավիղով անցնում է տարածքով, միանգամից ծանուցում է գալիս` համեցեք մեզ մոտ և այլն։

–Ինչքանո՞վ է նման հարթակը պահանջված Հայաստանում։

–Այս հարթակի հիմնական `հեշտացնել մարդու կյանքը ու սմարթֆոնը միայն չօգտագործի նկարելու պարզ ֆունկցիաների համար։ Գոնե մի բան ավելացնենք դրան։ Հայերը Iphone շատ են սիրում, բայց սմարթոնի մինիմալ`0.5 տոկոսն էլ չի օգտագործում։ Այսպես հնարավորություն է ստեղծվում ավել գործածել սմարթֆոնը։ Հիմա Հայաստանում մոտ 30 հազարից ավել քարտ է ներբեռնվել։ Սա Հայաստանի համար շատ մեծ թիվ է։ Ընկերություններն էլ կամաց–կամաց սկսում են համագործակցել, նաև խոշոր ընկերությունները։

Սյուզան Թոսունյան