Apple-ն աշնանը Իռլանդիային կվերադարձնի 13 միլիարդ եվրոյի չվճարված հարկերը

Իռլանդիայի կառավարությունը Apple ընկերության հետ համաձայնեցրել է 2003-2014 թթ. հարկային վճարումների հետ կապված պարտքերի վճարման կոնկրետ ժամկետները: Խոսքը 13 մլրդ եվրոյի մասին է:

Ինչպես հայտարարել է Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոհյուն, գումարները ընկերությունից կստացվեն առանձին փոխանցումներով՝ սկսած ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից և ինչպես սպասվում է՝ սեպտեմբերին ընկերության բոլոր պարտքերը մարված կլինեն:

Հիշեցնենք, որ Apple-ի հարկային պարտքերի հարցը ԵՄ-ի առաջ է կանգնել 2016 թ. օգոստոսին, երբ Եվրահանձնաժողովը պարզել է, որ 2003-2014 թթ. Իռլանդիայի իշխանություններն օգնել են Apple-ին նվազեցնել Եվրոպայում ընկերության վճարվող հարկերը:

Apple-ը և Իռլանդիայի իշխանությունները բողոքարկել են Եվրահանձնաժողովի որոշումը, բայց դեկտեմբերին նախնական համաձայնություն են կնքել վճարումների մեկնարկի հարցով: