ՍՄԱՐԹ կենտրոնը ճանաչելիություն է բերում երկրին, սա նաև գործիք է արտաքին քաղաքականության մեջ. ԱԳ նախարար

«Լոռու մարզի ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը ճանաչելիություն է բերում Հայաստանին. սա արտաքին քաղաքականության համար նաև գործիք է»։

Այս մասին,  ՍՄԱՐԹ կենտրոնի բացման ժամանակ նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով, Լոռու մարզում ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի հիմնումը  մեծ նախադրյալ է ստեղծում համալրել և ի հայտ բերել Հայաստանում գոյություն ունեցող հսկայական մարդկային տաղանդը։

«Շատ կարևոր է ցույց տալ այն յուրահատկությունը, որով մենք  առաջ ենք տանում մեր զարգացման օրակարգը: Ստեղծագործ կրթության գաղափարախոսությունը Հայաստանում կիրառական արտահայտություն ունի, որոնցից մեկն այստեղ է: Ինովացիոն կրթության հայեցակարգը և դրա կիրառումը Հայաստանում շոշափելի են: Սա նաև Հայաստանը ճանաչելու միջոց է: Կարեւոր է, որ Հայաստանը ճանաչելի է նաև իր հսկայական մտավոր ներուժով և սա գործիք է արտաքին քաղաքականության մեջ՝ բարձրացնելու Հայաստանի բրենդը»,-ընդգծել է  ԱԳ նախարարը:

Նա նկատեց, որ հասարակության մտավոր ներուժի մասին է խոսում նաև այն, թե  ինչպես ենք մենք կարողանում լուծել մեր քաղաքական հարցերը. «Դա արտահայտությունը գտավ քաղաքացիական հասարակության, երիտասարդների, քաղաքական դաշտի մասնակցությամբ, որ կարողացանք անհամաձայնություններին այնպիսի լուծումներ տալ, որ օրինակելի է շատ երկրների համար: Սա էլ է մեր մտավոր ուժի ու կարողությունների արտահայտությունը»:

«Պետք է մարդկանց հնարավորություն տալ ազատորեն անել այն, ինչ կարող են անել, իրացնելու իրենց մտավոր ուժը օրինական դաշտում»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը: