Կայացավ «Տեխնովացիա Հայաստան 2018»–ի մրցանակաբաշխությունը

Կայացել է Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հկ-ի կողմից կազմակերպած «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթի մրցանակաբաշխությունը, որին ներկա էին Տեխնովացիա Հայաստան 2018 ծրագրի ավելի քան 300 մասնակիցներ 9 մարզերից ու Երևանից,  ծրագրի հովանավորներն ու աջակիցները, հյուրեր տարբեր տեղական ու միջազգային կառույցներից, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Տեխնովացիա Հայաստան 2018  ծրագրի տարածաշրջանային դեսպան, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հկ-ի նախագահ Նարինե Աբազյանը կազմակերպիչների անունից շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, ժյուրիի անդամներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին: Նա խոսքում նշեց, որ ՏՀՏ ոլորտում Հայաստանը կարիք ունի առաջնորդ և ձեռներեց աղջիկների ու կանանց,  իսկ այս  ծրագիրը հնարավորություն է տալիս հզորացնելու մեր ուսուցչուհիներին և բացահայտելու մեր աշակերտուհիների մրցունակ ներուժը, պատրաստելով վաղվա առաջնորդներ և ձեռներեցներ ՏՀՏ ոլորտում:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիս կորպորացիայի գլխավոր ճարտարագետ, Տեխնովացիա Հայաստան ծրագրի բարի կամքի դեսպան՝ դոկտոր Երվանդ Զորյանը,  ՏՀՏ գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, ինչպես նաև ժյուրիի անդամներ՝ Գայանե Ստեփանյանը՝ վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահը, Սուսաննա Բալդրյանը՝ Յունիքոմփ կազմակերպության ռազմավարական ծրագրերի ղեկավարը, Անի Մանուկյանը՝ Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավարը: Ժյուրիի անդամները ընդգծեցին ծրագրի կարևորությունը համայնքային խնդիրների լուծման հարցում, աղջիկների կողմից ստեղծված հավելվածների օգնությամբ:

Այս տարի ավարտվեց Տեխնովացիա Հայաստան 2018 փուլը, որի շրջանակում գրանցվեցին 398 աշակերտուհիներ, 94 մենթորներ, ձևավորվեց 90 թիմ, որից 49 դուրս եկան  հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ և մայիսին ժյուրիի դատին  հանձնեցին իրենց կողմից ստեղծած բջջային հավելվածները: Դեմ-առ-դեմ և  առցանց  գնահատման արդյունքում  որոշվեցին հաղթող թիմերը: Չորս ավագ ու երեք կրտսեր թիմեր հաղթող ճանաչվեցին և միջազգային փուլին մասնակցելու ուղեգիր ստացան: Միջազգային առցանց գնահատման փուլը տեղի կունենա  հունիսի 1–ից մինչև հունիսի 17-ը:

Հունիսի 7–ին հաղթող թիմերը ներկայացրել էին հավելվածներ, որ վերաբերում էին համայքներում զբոսաշրջության զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը, դպրոցականների շրջանում անգլերենի ուսուցմանը, երիտասարդների ժամանակավոր աշխատանքով ապահովմանը և այլն: Դպրոցականները նաև ստեղծել էին բջջային հավելված, որն աուտիզմ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ հաղորդակցվելու մարդկանց հետ։  Հաղթող թիմերին մրցանակները տրամադրել էին ՏՀՏ գործատուների միության անդամ Յունիքոմփ, Զիգզագ  ընկերությունները և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից մրցանակներ ստացան 6 թիմեր՝ Կայուն զարգացման հիմնախնդիրներից բխող կրթություն, առողջություն, շրջակա միջավայր անվանակարգերում, իսկ Տեխնովացիա միջազգային ծրագիրը նախաձեռնող  Իրիդեսենտ կազմակերպության կողմից 9 թիմ Համայնքի զարգացման մրցանակներ ստացավ:


Կրթության ազգային ինստիտուտի կողմից թիմերի համար սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կկազմակերպվեն վեբ կայքեր պատրաստելու դասընթացներ, իսկ ՏՀՏ Գործատուների միությունը սեպտեմբերին թիմերի համար կկազմակերպի շրջայցեր ՏՀՏ Գործատուների միության անդամ  ՏՀՏ կազմակերպություններ, ինչպես նաև կկազմակերպվեն վարպետության դասեր: Ծրագրի մյուս աջակից կազմակերպությունները, ինչպես նաև ժյուրիի անդամները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու թիմերին մասնագիտական խորհրդատվությամբ և նույնպես կազմակերպելու վարպետության դասեր:

Տեխնովացիա Հայաստան 2018 ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի համագործակցությամբ: Տեխնովացիա Հայաստան 2018 մրցույթին աջակցում և հովանավորում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը,  Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ, Զիգզագ  ընկերությունները և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Տեխնովացիան  աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթ է 10-18 աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով:

2017 թվականին առաջին անգամ մասնակցելով ծրագրին, ունեցանք հաջողված պատմություն՝ Արագածնոտի մարզի Կարբի գյուղի հանրակրթական դպրոցի “Մեկ քայլ առաջ” աղջիկների թիմն  իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով կրթություն անվանակարգում արժանացավ միջազգային գլխավոր մրցանակին   և հրավիրվեց Iridescent կազմակերպության կողմից  Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը: