Այսօր Երևանում մեկնարկել է թվով 11-րդ Digitec Business Forum-ը: Այն այս տարի կանցկացվի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո:
Համաժողովի նպատակն է խթանել պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում առաջատար և բարձր տեխնոլոգիաների ներդրման գործընթացին: Ֆորումն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելու համար դրան կմացնակցեն տարբեր ոլորտների մասնագետներ, կներկայացնեն լուծումներ, ինչպես նաև իրենց և արտասահմանյան ոլորտային փորձերը:
«Սա միակ հարթակն է, որտեղ ՏՏ ընկերությունները կարող են շփվել գործարարների հետ, ներկայացնել իրենց լուծումները: Իսկ բիզնեսն այստեղ հնարավորություն է ընձեռում միաժամանակ ծանոթանալ բազմաթիվ տեխնոլոգիական լուծումների հետ»,-նշում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:
DigiTech-ի գործարար համաժողովի շրջանակներում կքննարկվեն պետության համար կարևոր խնդիրներ, կառաջարկվեն այդ խնդիրները հարթելու տեխնոտարբերակներ: ԱՏՁՄ-ի աչքից չեն վրիպել նաև բանակի, սպառազինության ու առհասարակ ռազմական արդյունաբերության ոլորտները:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ռազմական ոլորտը տեխնիկապես հագեցնելու գաղափարը նաև վարչապետինն է եղել:
DigiTech 11-րդ բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 29-30: Վերջին օրը նախատեսված է փակ բանակցություններ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ: