staff.am կարիերայի առաջատար հարթակի թիմը մշակում է արհեստական բանականությամբ աշխատող HRtech հարթակ՝ HireBee

staff.am-ի կողմից մշակվող HireBee հարթակը կօգտագործի արհեստական բանականություն աշխատանքի դիմորդների նախնական սքրինինգ իրականացնելու, ինչպես նաև համապատասխան աշխատանքի համար թեկնածուներ փնտրելու համար:

staff.am-ն իր գործունեությունը մեկնարկեց ընդամենը մեկուկես տարի առաջ՝ նպատակ ունենալով օգնել աշխատանք փնտրողներին գտնել համապատասխան աշխատանք, իսկ ընկերություններին՝ ցանկալի աշխատակից և արդեն իսկ զբաղեցնում է առաջատար դիրքեր հայկական աշխատաշուկայում։ Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG – Innovation Matching Grant) եզրափակիչ փուլում staff.am ստարտափը հաղթող ճանաչվեց՝ ստանալով 35 հազ․եվրո դրամաշնորհ արհեստական բանականությամբ աշխատող նոր գործիքակազմի՝ hirebee.ai-ի նախագծի մշակման համար։ Համաֆինանսավորման դրամաշնորհն իրենից ենթադրում է, որ նույնքան գումար պետք է ներդրվի նախագծում նաև հաղթող ստարթափների կողմից։

staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը  ներկայացրեց, թե ինչ սկզբունքով է աշխատելու HRTech հարթակը և զարգացման ինչ հեռանկարներով են առաջնորդվում։

«HireBee-ն ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ լուծում կտրամադրի ռեքրութմենթի ոլորտում՝ հնարավորություն ընձեռելով ռեքրութերին խնայել ժամանակ և ունենալ ավելի թիրախավորված և որակյալ կադրեր։ staff.am-ի  միջոցով մենք օրական կտրվածքով բավականին շատ տվյալներ ենք մշակում, ինչը մեզ հնարավորություն է տալիս օգտագործել big data-ի և մեքենայական ուսուցման լայն հնարավորությունները, սրանով իսկ բարձրացնելով ռեքրութմենթի որակն ու տրամադրելով թիրախավորված մասնագետների բազա։ Այս պահին մեր R&D թիմն ակտիվորեն իրականացնում է հետազոտություններ մաթ․ մոդելների և տեխնիկական իրականացման մոտեցման  հետ կապված, թիմում ունենք հմուտ ինժեներներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ ԱՄՆ-ից»:

IMG վենչուրային միջոցառման ժամանակ ճանաչվելով 6 հաղթող ստարտափներից մեկը` staff.am-ն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում ոչ միայն թիմի ընդլայնման, արհեստական բանականությամբ աշխատող նոր գործիքակազմի մշակման, այլ նաև staff.am-ի աշխարհագրության ընդլայնման և նոր շուկաներում staff.am-ի հետագա ներկայացման ուղղությամբ։

Այս առումով staff.am համահիմնադիր Վահե Ավետիսյանը նշեց

«staff.am-ի մեր թիմը շատ մեծ ակտիվությամբ մասնակցում է ՀՀ ստարտափ էկոհամակարգի զարգացմանը և տարբեր միջոցառումներին: Մենք երբեք կանգ չենք առնում և չենք բավարարվում արդեն իսկ գրանցած նվաճումներով՝ միշտ ձգտելով ավելիին։ Իսկ այս պահին ունենք բավականին հավակնոտ ծրագրեր մեր հարթակի աշխարհագրության հետագա զարգացման հետ կապված»։