Կին հիմնադիրների մարտահրավերները ՏՏ-ում

Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ՝ ՏՏ ոլորտում ներգրավված կանայք եւ աղջիկները հուլիսի 19-ին նորից առիթ ունեցան Geek Girls’ Dinner թեմատիկ ընթրիք-երեկոների ձեւաչափով ներկայացնելու եւ քննարկելու իրենց հուզող խնդիրները: Այս անգամ միջոցառումը նվիրված էր կին հիմնադիրների մարտահրավերներին՝ մասնակցությամբ հիմնականում մարկետինգային տարբեր նախաձեռնություններ ներկայացնող խոսնակների: Այն կայացավ հայկական ՏՏ ընկերություններից E-World-ի տարածքում եւ աջակցությամբ:

Միջոցառումն այս տարի ուներ հատուկ հյուր Նյու Յորքից՝ հայազգի Լուսինե Դեմիրճյանը, ով ֆոտոարխիվների համաշխարհային հսկաներից Shutterstock ընկերության համագործակցությունների ղեկավարն է եւ միաժամանակ հասցրել է անձամբ հիմնադրել մի նոր մարկետինգային ընկերություն՝ Cleodigital: «Ես կարծում եմ որ հետեւյալ կարեւոր նախապայմաններն են կնոջը դարձնում ուժեղ՝ ֆինանսական անկախությունը, գիտելիքը, վստահությունը, ազդեցիկությունը եւ անվախությունը՝ ձախողվելու հանդեպ»: Լուսինեի հիմնած ընկերությունն առայժմ միայն հայաստանցի իգական սեռի աշխատակիցների է ներգրավել, ինչը հիմնադրի գլխավոր նպատակներից է:

«Հաջողության հասնելու ճանապարհը մեկն է, այն գտնվում է սեփական ուժերին հավատալու եւ ինքնավստահության մեջ», – վստահ է միջոցառման խոսնակներից ArPR հոլդինգի համահիմնադիր Հրաչուհի Բարսեղյանը: – «Պետք է վերցնել պատասխանատվությունը, որոշում կայացնել, դրական մտածել ու ժամանակ չկորցնել»:

Geek Girls’ Dinner-ի մեկ այլ խոսնակ՝ Անի Կյուրեղյանը, ով Նեյրոհաբ բիզնես ակադեմիայի հիմնադիրն է, երկար տարիների փորձի շնորհիվ բացահայտել է լոկալից գլոբալի անցնելու հետաքրքիր ճանապարհներ եւ այժմ իր բիզնեսում ավելի շատ աշխատում է այսպես կոչված գլոկալ՝ գլոբալի եւ լոկալի խառնուրդ, միտումների ուղղությամբ: «Ընտանիք-աշխատանք հավասարակշռման հարցում ինձ օգնում են երկու աղջիկներս, ովքեր ուժ են տալիս հաղթահարելու բոլոր տեսակի մարտահրավերները»:

Թեմատիկ ընթրիք-երեկոյի ձեւափաչով անցկացվող այս նախաձեռնության հիմնական նպատակն է դառնալ յուրահատուկ հարթակ, որտեղ տեխնոլոգիաներով հետաքրքրված կանայք կարող ենք կիսել իրենց խնդիրները, հաստատել նոր կապեր եւ շփվել ոլորտի ներկայացուցիչների հետ: Իսկ Girls in Tech-ը աշխարհում ավելի քան 60 մասնաճյուղ ունեցող ցանց է, որի գլխավոր առաքելությունն է ընդլայնել կանանց տեղն ու դերը տեխնոլոգիաների, առաջնորդության եւ գործարարության մեջ: