Արմաթի դպրոցական ձեռներեցները` Սևան Ստարտափ Սամմիթի մասնակիցներ

Չնայած նրան, որ դպրոցականների համար երկար սպասված  ամառային արձակուրդներ են,  միեւնույն է արմաթցիները շարունակաբար ձեռներեցության եւ կրթության պրպտումների մեջ են: Նրանք դեռ դպրոցականներ են, բայց իրենց գաղափարներով մրցելու են Սեւան Ստարտափ Սամմիթի մասնակից փորձառու երիտասարդների հետ:

Արմաթցիների 3 թիմ ստարտափերներ մասնակցում են Սեւան Ստարտափ Սամմիթին (SSS18), 2 խմբակ էլ ներկայացված են ցուցահանդեսային հատվածում:

Արմաթի խմբավար Նարինե Մեսրոպյանն այնտեղ է Աշտարակի տարբեր դպրոցների աշակերտուհիների հավաքական թիմով: Նրանք ներկայացնում են իրենց ստեղծած 1 of U հավելվածը,  որը կոչված է բարելավելու աուտիկ երեխաների կյանքը, նրանց հաղորդակցումն ու շփումը: 1 of U hավելվածում առկա է նաեւ կրթական բաժին: Նշենք նաեւ, որ այս թիմն իր՝ Safe Internet բջջային հավելվածով մասնակցել է Technovation Challenge-ին և արժանացել Գրան պրի մրցանակի: Թիմում չորս աղջիկներ են, նրանցից Թերեզա Թումանյանը Արմաթի սան է, ով նշված ծրագրերի կոդի  հեղինակն է:

 

Ձեռներեց արմաթցիների մեկ այլ խումբ էլ եկել է Արցախից:  Նորշենի արմաթցի սաների թիմակիցներն են Արա Հարությունյանը (Արմաթի խմբավար, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից) և Անահիտը, ով նույնպես  «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից  է:

Ի պատասխան այն հարցին, թե  ով է աշակերտների համար ոգեշնչման աղբուր, երեխաները միաբերան նշեցին իրենց խմբավար Արա Հարությունյանին:

Նրանց պրոդուկտը ստեղներով մեթոդական լսարան է, հիմնված հանրահայտ բրեյնրինգ ինտելեկտուալ խաղի ստեղների սեղման ինտերակտիվ համակարգի վրա: ՆորՇենԼաբ թիմը համակարգը թվայնացնում է և սինքրոնացնում հավելվածի հետ, որի միջոցով ուսուցիչները կարող են գնահատել աշակերտներին ու ունենալ ինֆորմացիայի բազա: Գնահատման մեթոդն էլ նախատեսել են սմայլիկներով համակարգ, այլ ոչ թե թվանշան: Պրոդուկտի պրոտոիպը պատրաստ է, որն էլ կներկայացնեն SSS18-ի շրջանակում: Կրթական ծրագրերի բաժնում լավագույնի համար մրցելու են ընդհանուր թվով 13 թիմ:

ՆորՇենԼաբ թիմին շուկա դուրս գալու համար անհրաժեշտ են ներդրումներ: Հավելենք նաև, որ այս գաղափարը  հոկտեմբերին հաղթող է ճանաչվել Awesome Foundation-ի կողմից ու արժանացել դրամական պարգևի:

Արմաթ ստարափերների մյուս թիմում Թալինի դպրոցականներն են՝ 14-ամյա Արմանը, 15-ամյա Վիգենն ու 16-ամյա Բաբկենը: Սամմիթում նրանց հետ է նաև Peace Corps կամավոր Մարվինը, ով օգնում է դպրոցականներին պատրաստվել իրենց գաղափարի ներկայացմանը: Ի դեպ, Մարվինը դպրոցականների հետ աշխատում է Վորլդ Վիժն Արմենիայի նախաձեռնության շրջանակում: Արմաթցի սաները անգլերեն են հաղորդակցվում Մարվինի հետ և միաժամանակ բարելավում անգլերենը:

Թալինի արմաթցիներն այստեղ ներկայացնում են իրենց VR Surgery հավելվածը. VR ակնոցների՝ Oculus rift-ի միջոցով հնարավոր կլինի տեսնել օրգանիզմը և վիրահատության ենթակա հատվածը:   VR Surgery-ին նախատեսված է սկսնակ բժիշկների համար, որը հնարավորություն կտա պրակտիկ գիտելիքներ ստանալ առանց թանկարժեք մեթոդների կիրառության:  Տղաներն արդեն ունեն մարմնի 3D մոդելը: Նրանք  ներդրումներ են փնտրում պրոյեկտի զարգացման համար:

Արմաթցի սաները գոհունակություն հայտնեցին իրենց խմբավար Եղիշե Ամիրյանին, ում խորհուրդների ու աշխատանքի միջոցով են տղաները միավորվել ու տարբեր պրոյեկտներ ստեղծում: Նրանց է պատկանում նաև Zoomar հավելվածը: Վերջերս էլ Ucom-ի աջակցությամբ այն ներկայացրել են Մինսկում կայացած EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին:

 

 

Սեւանի եւ Գյումրու Արմաթ ինժեներական լաբորատորիաները՝ ի դեմս խմբավարներ Սոնա Հովհաննիսյանի ու Հասմիկ Առաքելյանի SSS18-ի ցուցահանդեսայն տաղավար ունեն: Նրանք շփվում են մասնակիցների հետ, պատմում լաբորատորիաների առաքելության մասին եւ սեփական փորձով կիսվում այցելուների հետ: Դպրոցականները եռաչափ տպիչով տարբեր մոդելներ են տպագրում եւ վաճառում, ստացել են նաեւ համագործակցության առաջարկներ: Մինչ մենք զրուցում էինք պատանի ձեռներեցների հետ, նրանք պատվերներ ստացան տպագրելու Սեւան Ստարտափի Սամիթի լոգոտիպը: Վաճառքից գոյացած գումարը դպրոցականները հատկացնելու են իրենց լաբորատորիայի ֆոդնին:

Հիշեցնենք, որ SSS18-ին մասնակցում են շուրջ 1000 ձեռներեց 35 երկրից , այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ եւ ոլորտի ներկայացուցիչներ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ եւ մրցույթներ։

Ծրագրի ներդրումային ֆոնդը $100 հազ. է, որը կտրվի ծրագրի մասնակից մեկ կամ երկու ստարտափի, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի $50 հազ.:

Հավելենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես հանդիսանում է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի գործընկերը: ԱՏՁՄ-ն կհամաֆինանսավորի հաղթողների և մյուս պրոյեկտների մասնակցությունը ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի մասնակցությունը: ԴիջիԹեքը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը Երևան էքսպո  կենտրոնում: