Ինժեներական քաղաքում հիմնվել է ISB ընկերության հետազոտական կենտրոնը

Եվս մեկ միջազգային ինժեներական ընկերություն մուտք գործեց Հայաստան. ISB ընկերությունն իր Հետազոտական կենտրոնն հիմնեց Ինժեներական քաղաքում:

Օրեր առաջ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած տնտեսական ֆորումից տպավորված, ISB ընկերության ներկայացուցիչ, կանադահայ Գևորգ Թորոսյանը հայտնել էր Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրում անելու և ISB հետազոտական կենտրոն հիմնելու իր մտադրության մասին: ISB ընկերությունը գործում է 1972 թվականից և առաջատար դիրք է գրավում էլեկտրոնային անվտանգության և ավտոմատացման արտադրանքների, մետաղի դրոշմման և արտադրության մեջ:

Գործարարն այցելել է Ինժեներական քաղաք, ծանոթացել այնտեղ գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների գործունեությանը, համատեղ քննարկել Հայաստանում բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչի արդյունքում որոշվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի աջակցությամբ մասնաճյուղ հիմնել Երևանում։

<<Չափազանց տպավորված եմ ինժեներական աշխատանքով և շատ առաջադեմ մտքերով, ինչպես նաև խանդավառված եմ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով>>, – ասել է Գևորգ Թորոսյանը։

<<Հայաստանն աշխարհում դիրքավորվում է որպես ինժեներական լուծումներ տրամադրող առաջադեմ երկիր և մեզ համար չափազանց կարևոր է սփյուռքահայերի ներգրավմամբ հենց ինժեներական ոլորտի միջազգային ընկերությունների հիմնումը մեր երկրում>>,-ասել է ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

<<ISB ընկերության հետազոտական կենտրոնն արդեն այսօրվանից տեղակայված է ինժեներական քաղաքում: Ընտրվել են մասնագետներ, աշխատանքային միջավայրը համապատասխանում է ընկերության պահանջներին, միասնական ջանքերով նպաստելու ենք ընկերության ընդլայմանը Հայաստանում>>,- ասել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը: