ԱՄՆ, Շվեյցարիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Ռուսաստան, Իսրայել, Իտալիա, Գերմանիա ու, վերջապես, Հայաստան։ 100-ից ավելի գիտնականներ աշխարհի տարբեր անկյուններից այս օրերին բացառիկ հնարավորություն ունեցան Երևանում ունկնդրելու գիտական աշխարհի 20-ից ավելի առաջատարների՝ այդ թվում Նոբելյան 2 մրցանակակիրների ու Հորիզոն 2020 ծրագրի մասնակիցների։ Իսկ առիթը «Քիմիայի սահմանները» միջազգային գիտաժողովն էր։ Այն Հայաստանում կազմակերպվել է Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանի կողմից՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ։
Համաժողովի բացմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Հովհաննիսյանը նշել է, որ քիմիայի բնագավառը կարևոր է Հայաստանի համար․
«Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է քիմիական արդյունաբերության հիմնական կենտրոններից մեկը, և այդ բնագավառում բավականին լուրջ ավանդույթներ կան: Անկախությունից հետո տնտեսական կապերի քայքայման արդյունքում Հայաստանում քիմիայի բնագավառը էապես տուժել է: Վերջին տարիներին, օրինակ, մեր երկրի երկու խոշոր բուհերում՝ ԵՊՀ-ում և Պոլիտեխնիկում, շատ քիչ են քիմիայի ֆակուլտետի դիմորդները, որը հիմնականում պայմանավորված է քիմիական արդյունաբերության և տնտեսության ներկա իրավիճակով»,-հավելել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ պետք է նոր զարկ տրվի քիմիայի բանագավառին թե՛ կրթության, և թե՛ գիտահետազոտական ոլորտում:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ շեշտելով, որ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանին և պատրաստ է միավորել մարդկանց, որպեսզի նրանք հաճույքով սովորեն ու նորարարական մոտեցումներ կիրառեն:
Համաժողովը մասնակիցների առաջ բազմաթիվ դռներ է բացում՝ պատմում է կազմակերպիչ Սյուզաննա Հարությունյանը․ «Գիտաժողովին հայաստանաբնակ գիտնականների մասնակցությունն անվճար է: Հինգ տարի առաջ մենք ունեինք երեք հոգի, ովքեր համաժողովի շրջանակներում ծանոթացան արտասահմանցի գիտնականների հետ ու կարողացան մեկնել արտասահման՝ սովորելու։ Ինչքանով տեղյալ եմ՝ մեկը վերադարձել է, մնացածը դեռ ապրում են արտասահմանում»:
Այսպիսով, «Քիմիայի սահմաններ» գիտաժողովը, որը երիտասարդ գիտնականների համար անսահմանափակ հնարավորություններ է ստեղծում, միաժամանակ բացառիկ հարթակ է գիտության այս բնագավառի վերջին նորություններն ու զարգացման միտումները քննարկելու և լավագույն փորձը կիսելու համար։
Նոբելյան մրցանակակիր Բեն Ֆարինգան, ով ժամանել էր Գրոնինգենի համալսարանից, լրագրողի հետ զրույցում ներկայացրեց գիտաժողովի հիմնական նպատակը․
«Այս շաբաթ տեղի ունեցավ «Քիմիայի սահմանները» գիտաժողովը։ Նպատակ ունեինք զարգացնել քիմիան այս երկրում, հատկապես երիտասարդների շրջանակներում, քանի որ քիմիան ծայրահեղ կարևոր է։ Մտածեք մի պահ դեղագործության մասին, էլեկտրական ավտոմեքենաների, համակարգիչների, տարատեսակ նոր նյութերի մասին։ Հայաստան էին ժամանել խոսնակներ ամբողջ աշխարհից, ովքեր քննարկում էին քիմիայի ոլորտում վերջին ուսումնասիրություններն ու հայտնագործությունները»։
Անդրադառնալով ապագայի գիտությանն ու հասարակական զարգացման վրա վերջինիս ազդեցությանը՝ Ֆարինգան հավելեց․ «Մենք բոլորս ցանկանում ենք ապագայում ունենալ կայուն հասարակություն․ ավելի լավ ապրանքատեսակներ, դրանք արտադրության այլընտրանքային եղանակներ։ Ուստի պետք է սովորեցնենք երիտասարդներին առաջ նայել։ Ինչպես անել դա՞։ Նոր ոլորտների միջոցով։ Որովհետև այս երիտասարդները ապագայում նոր ոլորտներ կզարգացնեն ձեր երկրի համար։ Այստեղ երիտասարդները քննարկում էին ապագան՝ ողջ աշխարհից ժամանած գիտնականների հետ։ Մենք նաև ֆինանսավորում ենք իրենց, որ գնան արտասահման, ստանան կրթություն ու լայնացնեն իրենց մտահորիզոնը։ Ապագայի համար դա շատ կարևոր է»։
Գիտաժողովի շրջանակներւմ ուսումնասիրվել էին երիտասարդ հայ քիմիկոսների աշխատանքները, որոնցից ընտրվել էր ամենապայծառ միտք ունեցողը։ Տեղի ունեցած մրցանակաբաշխության արդյունքում ամենատաղանդավոր մասնակիցները ստացան մրցանակներ գիտաժողովի աջակիցների կողմից։ Մրցանակներից մեկն էլ «Լավագույն տաղանդ» կրթաթոշակն էր՝ տրամադրված Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնի կողմից։ Մրցանակակիր երիտասարդ քիմիկոսը հնարավորություն է ստացել արտերկրի քիմիական հետազոտական լավագույն կենտրոններից մեկում անցնել եռամսյա գիտահետազոտական պրակտիկա։ Ուր է գնալու՝ Լիանա Հայրյանը՝ ՀՀ ԳԱԱ գիտաարտադրական կենտրոնի կրտսեր գիտաշխատողը, դեռ չի որոշել, բայց սա մասնագիտական կարողությունները զարգացնելու բացառիկ հնարավորություն է համարում։
«Մեր գիտական խումբը զբաղվում է ոչ սպիտակուցային ամինաթթուների սինթեզով։ Հայտնի է, որ նման ամինաթթուների սինթեզը բավականին մեծ նշանակություն ունի, քանի որ նրանք մտնում են դեղերի բաղադրության մեջ։ Օպտիկապես մաքուր վիճակով այդ ամինաթթուները ստանալը արդեն իսկ մեծ հաջողություն է։ Նման կոնֆերանսին մասնակցելը, իհարկե, մեծ պատիվ է։ Այստեղ մենք լսեցինք բազմաթիվ հայտնի գիտնականների ելույթներ, ումից կարելի է ամեն պահ մի նոր բան սովորել ու զարգացնել մեր գիտելիքները։ Մրցանակը շատ անսպասելի էր․ երեք ամիս մեկնել արտերկիր և հնարավորություն ունենալ սովորել ու տեսնել դրսի գիտությունը։ Հնարավորությունը շատ լավն է․ ես ինքս կարող եմ ընտրել, թե որ երկիր եմ ուզում գնալ ու որ գիտական խմբին եմ ուզում միանալ»։
Հայաստանի կրթական ենթակառուցվածքները զարգացնելու ճանապարհին սա Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերից ընդամենը մեկն է, ինչպես նշում է ՖՄԱ Էկոհամակարգի զարգացման նախագծի դեկավար Մարիամ Դավթյանը․
«Մագիստրոսական կրթաթոշակներ տվյալագիտության ու համակարգային ինժեներության ոլորտում, ասպիրանտական դրամաշնորհային ծրագրեր գիտնականների համար, ինժեներություն, մոդելավորում, մաթեմատիկա, ֆիզիկա, ֆակուլտետային ծրագրեր, որոնք միտված են հենց ֆինանսավորելու համալսարանների ու գիտական ինստիտուտների ներսում գիտությամբ զբաղվող թիմերին ու ոչ անհատներին։ Եվ իհարկե, մասնակցություն նման միջոցառումներին, որպեսզի երիտասարդները Հայստանում տեսնեն, որ գիտությունը ոչ միայն աշխարհի ապագան է, այլ նաև գիտության մեջ նրանք ապագա ունեն Հայաստանում։»
Երևանն առաջին անգամ հյուրընկալել է Գրոնինգենի համալսարանի կողմից կազմակերպված «Քիմիայի սահմանները, Հայաստան» գիտաժողովը 2013 թվականին: Կազմակերպիչները համոզված են, որ արդեն երկրորդ անգամ Հայաստանում կազմակերպված համաժողովը նոր շունչ կհաղորդի երկրում քիմիայի ոլորտին ու կնպաստի երիտասարդների կողմից գիտության հանդեպ հետաքրքրության աճին։