Չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը Sogou ինտերնետ ընկերության հետ համատեղ ներկայացրել են արհեստական բանականությամբ համալրված աշխարհում առաջին վիրտուալ հեռուստահաղորդավարին:
Ինչպես նշում է The Guardian-ը, շնորհանդեսը տեղի է ունեցել Համացանցի կառավարման հարցերով համաշխարհային համաժողովի շրջանակում:
Աղբյուրը մանրամասնում է, որ արհեստական բանականությունը թույլ է տալիս վերլուծել մարդու դիմախաղը, խոսելաձևը, շարժուձևը, ձայնը, հույզերն ու հետո ճշգրիտ կրկնօրինակել դրանք:
Վիրտուալ հեռուստահաղորդավարի մասնակցությամբ հաղորդում ստեղծելու համար հարկավոր է միայն ներբեռնել իրական հաղորդավարի պատկերով ու նրա կարդացած տեքստով տեսանյութը: Ծրագիրը վերլուծում է այդ ամենն ու ներկայացնում հաղորդման հոլոգրաֆիկ կրկնօրինակը:
Նշվում է, որ թվային հեռուստահաղորդավարն էական առավելություն ունի մարդու նկատմամբ, քանի որ կարող է աշխատել 24 ժամ շարունակ, ինչպես նաև խոսում է առանց սխալների ու վրիպակների: