2013թ. հիմնադրված Renderforest ստարտափի թիմը, մասնակցելով Լիսաբոնում տեղի ունեցող աշխարհահռչակ Web Summit 2018-ին, պաշտոնապես հայտարարել է իր 2 նոր ծառայությունների թողարկման մասին։
Այսուհետ, վիդեո անիմացիաներ ստեղծելու հետ մեկտեղ, Renderforest-ը առաջարկում է նաև լոգո ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ, այսպիսով դառնալով «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ։
Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։ Բոլոր առաջարկվող նմուշները ենթակա են փոփոխության և խմբագրման։
Ներկայումս Renderforest-ն ունի օգտատերերի կողմից պատրաստված ավելի քան 5 միլիոն տեսահոլովակ, շուրջ 3 միլիոն օգտատեր և ավելի քան 200,000 ամսական գրանցում։
Հիշեցնենք, որ վերջերս ընկերությունը հայտարարել էր նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման վրա հիմնված լուծում գործարկելու մասին՝ օգտատերերին առաջարկելով վայրկյանների ընթացքում վիդեոպատրաստում՝ կայքին տրամադրելով նախընտրած համառոտ սցենարը։