Renderforest-ը արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման տեխնոլոգիա է ներդրել

Renderforest ընկերությունը վերջերս Լիսաբոնում կայացած Web Summit 2018-ի ժամանակ, որպես՝ Summit-ի գործընկեր մասնակից հանրության դատին է ներկայացրել իր երկու նոր ծառայություններն ու արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների կիրառմամբ ստացած նոր լուծումները։ ittrend.am-ը զրուցել է ընկերության մարկետինգի թիմի պատասխանատու Ռոման Դանեղյանի հետ ու մանրամասներ պարզել ընկերության ներկայիս ու ապագա գործունեության մասին։

2013 թվականից իր գործունեությունը ծավալած RenderForest-ը սկզբնական շրջանում զբաղվում էր միայն անիմացիոն հոլովակներ ստեղծելով։ Նման հարթակ կյանքի կոչելու գլխավոր պատճառներից մեկն էլ թանկարժեք ծառայությունը  բոլորի համար մաքսիմալ հասանելի ու մատչելի դարձնելն էր։ Այսպես Նարեկ Սաֆարյանը հիմնեց Renderforest-ը։

«Պլատֆորմի ստեղծումը տևել է 1,5-2 տարի և արդեն 2014 թվականի կեսից հարթակը գործում էր։ Օգտատերերին տրամադրում էինք (հիմա էլ)  վիդեոկաղապարներ, որոնց մեջ մարդիկ տեղադրելով տեքստեր, նկարներ կամ  վիդեոներ՝ կարող էին ստանալ սեփական տեսահոլովակը»,- նշում է Ռոման Դանեղյանը։

Ներկայումս կայքում կա մոտ 500 վիդեոկաղապար, 1000-ից ավել անիմացիոն և իրական տեսարաններ։ Աշխատանքի սկզբունքը կայքում պարզ է՝ գրանցվում եք Renderforest․com-ում,  ընտրում ոլորտը և անցնում գործի։

«Օրինակ՝ մեկին անհրաժեշտ է լոգոյի անիմացիա պատրաստել կամ վիդեոգովազդ ստեղծել, ընտրելով համապատասխան դիզայնը, օգտատերը մուտք է գործում վիդեոխմբագրիչ և սկսում ավելացնել իր նախընտրելի տեսարանները։ Մենք նաև ունենք պատրաստի սցենարներ, որոնք արագացնում են գործընթացը։ Սցենարն ու դրանց հաջորդականությունը ընտրելուց հետո, ավելացնում է պահանջվող բաղադրիչները։ Օգտատերը կարող է գործածել մեր կողմից տրվող 190 հազարից ավել բաղադրիչ պարունակող  վիդեոգրադարանը, որտեղ  նաև իրական կյանքից վիդեոներ կան»,- ավելացնում է մարկետինգի թիմի պատասխանատուն։

Այս ամենը ավարտելուց հետո ընտրվում են գունային համարդրումները, երաժշտությունը (200ից ավել լիցենզավորված երաժշտություն, ինչպես նաև սեփական երաժշտությունը բեռնելու հնարավորություն)։ Հետո մնում է միայն վերջին քայլն ու հոլովակը պատրաստ է՝ օգտատերը հաստատում է և սկսում պահպանման գործընթացը։ Օգտատերերի հիմնական խումբը ստարտափներն են, որոնք ունեն քիչ գումար, բայց ցանկանում են գովազդային հոլովակ ունենալ։ Դրանց հաջորդում են անհատ մարդիկ, մարկետինգով զբաղվողները, DJ-ները և դասախոսները։

Չսահմանափակվելով գործունեության այս ոլորտով՝ ընկերությունը ընդլայնել է իր ծառայությունները, որոնք ներկայացրել է Web Summit 2018-ի ընթացքում։

«Web Summit-ը համարվում է աշխարհում ամենամեծ IT իրադարձությունը, որտեղ 4 օրվա ընթացքում հավաքված  գրեթե 75 հազար մասնակից ամբողջ աշխարհից՝ ներկայացնում է իր ընկերությունը, ելույթներ են ունենում տարբեր մասնագետներ։ Բավական հայտնի դեմքեր են այս տարի ելույթ ունեցել, մինչև անգամ համացանցի հիմնադիր Թիմ Բերներս Լին։ Այստեղ ընկերությունները բաժանվում են երեք խմբի։ Կային, որ ներկայացնում էին նախնական գաղափարն ու փնտրում էին ներդրողներին։ Կային, որոնք աճման փուլում էին, ներկայացել էին որոշակի արտադրանքով և կային ստարտափներ, որոնք պարզապես ցանկանում էին իրենց արտադրանքը մեծացնել։ Կային նաև մասնակից գործընկեր ընկերություններ, որոնցից մեկը RenderForest-ն էր։ Այս ընկերություններն ավելի մեծ տաղավարներով են հանդես գալիս։ Մենք ներկայացանք 10 հոգանոց թիմով ու հանրության դատին հանձնեցինք  մեր երկու նոր արտադրանքները՝ առցանց լոգոներ  ու վեբ կայքեր պատրաստելու հարթակները։ Renderforest-ը բացի վիդեոներ պատրաստելու հնարավորությունից օգտատերերին թույլ է տալիս մի փաթեթի մեջ ունենալ ամբողջական բրենդինգ»-նշում է Ռոման Դանեղյանը։

Բացի այդ Web Summit-ի ընթացքում տղաները խոսել են իրենց ընկերության նոր հնարավորության մասին, որը բավական խոսակցությունների առիթ էր տվել, իհարկե, լավ իմաստով։

«Նորույթը վերաբերում է հոլովակների պատարաստմանը և իրենից ներկայացնում է մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության հիմքով նոր տեխնոլոգիա։ Այս տեխնոլոգիայի շնորհիվ օգտատիրոջ գրած սցենարը կարող է հոլովակի վերածել։ Ինչպես է դա տեղի ունենում՝ մեր կայքում կան 100-ավոր կաղապարներ, որոնք իրենց հերթին  ունեն առանձին տեսարան մոտ 300-400, որոնք էլ իրենց հերթին  ունեն բանալի բառեր։ Այսինքն՝ երբ օգտատերը գրում է ինչ-որ սցենար մենք վերցնում ենք սցենարի մեջից բանալի բառերը, գնում ենք մեր տեսարանների գրադարան, հասկանում ենք, թե որ տեսարանն է համապատասխանում այդ սցենարին և  առաջարկում ենք այդ տեսարաններից բաղկացած հոլովակ։ Մենք նաև թույլ ենք տալիս մեր առաջարկը փոփոխությունների ենթարկել, եթե չի հավանում այն»։

Նման հնարավորություն առաջարկելով՝ Renderforest-ը լուծում է մի քանի խնդիր՝ նախ ընկերությունը սկզբում ավոտամատացրեց հոլովակ ստեղծելու գործընթացը՝ խնայելով ժամանակ և գումար։ Հասկանալով՝ որ կյանքը ռիթմի մեջ է և մարդիկ շատ ժամանակ չեն ուզում վատնել, ներդրեցին նաև այս համակարգը՝ ժամանակն  էլ ավելի  խնայելու համար։ Համակարգն անընդհատ սովորում է, ադապտացվում՝ հաշվի առնելով օգտատերերի ցանկությունները և այլն։ Հաջորդ անգամ տեսարան առաջարկելիս  տեխնոլոգիան հիմնվում է նախկին փորձերի վրա և ավելի լավ հոլովակներ առաջարկում։

Սյուզան Թոսունյան