Մեքենայական ուսուցման 31 նորավարտ մասնագետ աշխատանքի կանցնի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում

Նոյեմբերի 27-ին PicsArt ընկերության Երևանի գրասենյակում տեղի է ունեցել Մեքենայական ուսուցման յոթամսյա խորացված դասընթացի սերտիֆիկատների հանձնման պաշտոնական արարողությունը. մեքենայական ուսուցման 31 շրջանավարտ արդեն պատրաստ է աշխատել բարձր պահանջարկ ունեցող և ամենամրցունակ ոլորտում:

Մեքենայական ուսուցման դասընթացի 31 նորավարտ մասնագետ աշխատանքի կանցնի Հայաստանում ՏՏ ոլորտի առաջատար  ընկերություններում, որոնք  ՏՏ ոլորտի միջազգային տենդենցներին համահունչ լինելով՝ լայնորեն կիրառում են արհեստական բանականություն իրենց բազմաթիվ ծառայություններում ու պրոդուկտներում:

«Մենք կարեւորում ենք Հայաստանում տվյալ ոլորտի մասնագետների պատրաստումը ոչ միայն նրա համար, որ ինքներս նման մասնագետների պահանջարկ ունենք, այլ որովհետեւ արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը ռազմավարական նշանակություն ունեն ՏՏ համաշխարհային շուկայում մրցունակ լինելու համար, եւ սա այն ճյուղն է, որը Հայաստանի ՏՏ ոլորտին մրցակցային առավելություն կարող է տալ», – նշել է PicsArt-ի հայկական գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը։ «Սա մեր կողմից կազմակերպված արդեն երկրորդ երկարատեւ կրթական ծրագիրն է։ Արդյունքում, երկու տարում ունենք 60 շրջանավարտ, ովքեր արդեն ապահովված են աշխատանքով», -ընդգծել է Մ. Վարդանյանը։

Դեռևս մայիսին մեկնարկած մեքենայական ուսուցման դասընթացի մասնակցության համար հայտ էր ներկայացրել շուրջ 800 ուսանող Հայաստանի տարբեր բուհերից, որոնցից միայն 31-ն էին հաղթահարել մրցութային փուլերը և ստացել կրթաթոշակ PicsArt ընկերության կողմից:

Մեքենայական ուսուցման դասընթացն իրականացվել է PicsArt ընկերության նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy-ի հետ համատեղ։ Ծրագրի համագործակիցներն են  BetConstruct, Ameriabank, Essential Solutions, Webb Fontaine ընկերությունները:

Դասընթացներն իրականացվել են հայ, ինչպես նաև միջազգային մի շարք առաջատար՝ մասնավորապես  Google, Yandex, SkolTech, Ezhome, UPenn ընկերությունների փորձառու մասնագետների կողմից:

Հավելենք, որ PicsArt ընկերությունն առանձնահատուկ կարևորում է Հայաստանում այս ոլորտի զարգացումը: Սա PicsArt-ի կողմից հաջողությամբ կազմակերպված մեքենայական ուսուցման թվով 2-րդ դասընթացն է: Ընկերությունը պարբերաբար իրականացնում է նաև խորացված այլ դասընթացներ, տրամադրում կրթաթոշակներ, ինչպես նաեւ իրականացնում հաքաթոններ ու դասախոսություններ։