Իսրայելում հունվարի 1-ից կարգելվի փողոցներում էլեկտրական հեծանիվ վարելը, եթե էլեկտրահեծանվորդը չունի վարորդական իրավունք կամ չի հանձնել համապատասխան քննություն, գրում է РИА Новости-ն՝ իսրայելական Ynet լրատվականին հղումով:
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել հեծանվորդների անվտանգության ապահովման, ինչպես նաև երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման և խախտումների պատժի խստացման վերաբերյալ ծրագրին: Ընթացիկ տարվա սկզբից ի վեր Իսրայելի ճանապարհներին զոհվել է 17 էլեկտրահեծանվորդ:
Ճանապարհներին երթևեկությունը բարելավելու նպատակով ներդրվել է տեսական դասընթաց և էլեկտրական հեծանիվներով երթևեկության քննություն: Միայն քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերը կստանա վարորդական իրավունք և կկարողանա նստել ղեկին:
«Էլեկտրական հեծանվորդների համար պարտադիր քննության ներդրման նպատակը վաղ տարիքից երթևեկության կանոնների իմացությունն է: Սա հիմնականում վերաբերում է դպրոցականներին, որոնք ակտիվորեն օգտվում են էլեկտրական հեծանիվներից»,- ասել է Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը:
Նախարարը նաև ստորագրել է էլեկտրական հեծանիվների վարորդների տարիքային նվազագույն շեմը 16-ից 15,5 դարձնելու մասին որոշումը: Վարորդական իրավունքի բացակայության դեպքում վարորդը կամ նրա ծնողները (եթե անչափահաս է) կտուգանվեն: