Նախագահ Արմեն Սարգսյանը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի հյուրն էր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը դեկտեմբերի 4-ին մեկնեցին Լոռու մարզ՝ այցելելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն։

Արդեն կես տարի գործող կենտրոնում նախագահն ու տիկին Սարգսյանը շրջայց ունեցան՝ ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա։

Ոգևորելով ռոբոտիկայի խմբակի սաներին՝ նախագահը նկատեղ «Դուք ոչ թե պարզապես լեգո եք հավաքում, այլ Ձեր ապագան եք կառուցում։ Հնարավոր է, որ հենց դուք ապագայում ստեղծեք տրակտորներ, որոնք մենք կկիրառենք Հայաստանում, և չենք ներկրի այլ երկրներից»։

Նախագահ Արմեն Սարգսյանը տպավորված էր կենտրոնով։ Նա վստահեցրեց, որ իր այցելած որևէ երկրում նման կենտրոն երբևէ չի տեսել։ Նա հորդորեց կենտրոնի սաներին հպարտանալ ու գիտակցել, որ իրենք Հայաստանի հպարտ քաղաքացիներ են։

Կենտրոն հաճախող երեխաներից շուրջ երկու հարյուրը դիմավորեցին Հայաստանի ղեկավարին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի՝ Անդրեա Մարտինի անվան կատարողական արվեստի լսարանում։

«Նյու Յորքի միլիոնավոր երեխաներ կերազեին նման կենտրոն ունենալ։ Այնքան եմ հավանում այս կենտրոնը, որ սկսելու եմ շուտ-շուտ գալ, որովհետև իմ տունը միայն Երևանը չէ, այլև Վանաձորը, Դեբետը, Դսեղը․․․Ամառային արձակուրդներին թոռնիկներիս էլ կբերեմ այստեղ»,- տպավորությունները կիսեց նախագահ Արմեն Սարգսյանը։

Ջերմ ու անկաշկանդ հարց ու պատասխանի ընթացքում կենտրոնի Մեդիագրագիտության խմբակ հաճախող պատանիները հնարավորություն ունեցան փոքրիկ, ոչ ստանդարտ հարցեր ուղղել նախագահ Սարգսյանին, օրինակ՝ «ո՞վ է Հայաստանի լավագույն ՍՄԱՐԹ քաղաքացին», ինչին նախագահը պատասխանեց՝ «հենց Դուք»։  

Հանդիպման վերջում նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը գրքեր նվիրեցին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սաներին։ Իրենց հերթին, երեխաներն իրենց ձեռագործ աշխատանքները՝ որպես հուշանվեր, փոխանցեցին երկրի ղեկավարին։

«Այսօրվա այցը ևս մեկ անգամ ընդգծում է ՔՈԱՖ-ի բազմամյա գործունեության արդյունքը, և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն այդ գործի պսակն է։ Նկատի ունենալով նորարարական տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի զարգացման համար, ինչի մասին նախագահ Արմեն Սարգսյանը նշել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացման խոսքում, մեզ համար առանցքային է դառնում գյուղաբնակ երեխաների համար կրթության հավասար հնարավորությունը հենց։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ այն առաջարկում է ոչ միայն տեխնոլոգիական, այլ հատկապես բազմամասնագիտական կրթություն՝ բացելով լայն և ընդգրկուն հեռանկարների գյուղերի երեխաների ու երիտասարդների համար»,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի Գործընկերությունների և միջոցառումների համակարգման տնօրեն Իրինա Իգիթխանյանը։

 

* * *

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 75,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին։