Apple-ը շարունակում է զբաղվել վիդեոարտադրությամբ: Այս անգամ ընկերության համար հեռուստասերիալ է նկարահանում Ջեյ Ջեյ Աբրամսը, ով հեղինակել է նաև հայտնի «Աստղային պատերազմներ: Ուժի արթնացում» ֆիլմը:
Խնձորային սերիալի գլխավոր դերակատարն է լինելու Ջենիֆեր Գարները:
Սերիալը կստանա «My Glory Was I Had Such Friends» անվանումը: Այն նկարահանվելու է Էմի Սիլվերսթեյնի մեմուարների հիման վրա: Օրիգինալ տարբերակը պատմում է մի խումբ կանանց մասին, ովքեր քաջալերում էին Սիլվերսթեյնին, ով սպասում էր սրտի վիրահատությանը և կյանքի հույսեր գրեթե չկային: Գիրքը թողարկվել է 2017-ին:
Սերիալի նկարահանումը վստահված է Աբրամսի Bad Robots ընկերությանը, որը կհամագործակցի նաև Warner Bros. Television հայտնի ընկերության հետ:
Թե երբ «My Glory Was I Had Such Friends»-ը կհայտնվի մեծ էկրաններին, հայտնի չէ: