«Աղջիկների նման» կարելի է նաև հաղթել

Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ՝ սկսվել է կանանց հզորացմանն ուղղված նոր նախագիծ, որի առաջին հանդիպման խոսնակներն էին  ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեվազյանը, ֆոտոլրագրող, գրող եւ 4Plus ֆոտոլրագրության կենտրոնի համահիմնադիր Անահիտ Հայրապետյանը եւ «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ նախագահ Լորիկ Հարթունյանը: Նախաձեռնությունն անվանվել է #LikeAGirl կամ «աղջիկների նման», որը համաշխարհային մեծ արձագանք ստացած արշավ էր՝ ուղղված կանանց կարողությունների թերագնահատման դեմ: Հայաստանում նույնանուն նախաձեռնության նպատակն է անդրադառնալ հաջողակ կանանց պատմություններին եւ ոչ միայն օրինակ ծառայել կանանց ու աղջիկների համար, այլ նաեւ վերաիմաստավորել «աղջիկների նման» արտահայտությունը, քանի որ աղջիկները նույնպես շատ հաճախ հաղթում ու հաջողության են հասնում:

Նախաձեռնության առաջին հանդիպմանը ներկա էին մի քանի տասնյակ կանայք ու աղջիկներ տարբեր ոլորտներից, ովքեր առիթ ունեցան ծանոթանալու միմյանցից շատ տարբերվող, բայց միաժամանակ մեկ ընդհանուր՝ ոգեշնչող գիծ ունեցող հաջողության պատմությունների հետ:

«Դեռ մանկության տարիներին, հետո արդեն պատանեկան տարիքում տատիկս միշտ ասում էր՝ պետք է ամուսնանաս, պետք է ամուսնության մասին մտածես: Ու ես հավատում էի, որ մի օր կգա նաեւ իմ ասպետը, ուղղակի չգիտեի, որ որ այդ ասեպտը ավիացիան է», — պատմեց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեվազյանը: Նա Girls in Tech Հայաստանի խոսնակ էր եղել ուղիղ մեկ տարի առաջ, բայց այն ժամանակ չէր էլ ենթադրում, որ ընդամենը մեկ տարի հետո ելույթ է ունենալու որպես պետական պաշտոնյա, ավելին, որ գլխավորելու է իր երազանքի ասպետը դարձած ավիացիայի ոլորտը Հայաստանում:

Երեք երեխաների մայր, գրող եւ ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանը նախաձեռնության մասնակիցների հետ կիսեց իր բազմազան փորձառությունը՝ համակարգչային գիտության ակադեմիական կրթությունից մինչեւ տանիքներում նորածին երեխայի հետ լուսանկարելու բարդ փորձությունները: — «Աղջիկների համար միշտ ճանապարհն ավելի անկանխատեսելի է, քանի որ հատկապես երբ մայր ես դառնում, կարծրատիպերն ավելի են խանգարում: Բայց ես եւ իմ գործընկեր ֆոտոլրագրող կանայք կարողացանք մի շարք կարծրատիպեր կոտրել ու ապացուցել, որ ոչինչ անհնար չէ»,- նշեց Անահիտը:

Իսկ Լորիկ Հարթունյանը, որ ծնվել եւ մեծացել է Իրանում, մի քանի տարի առաջ տեղափոխվել է Հայաստան եւ այժմ էլ ամեն օր բախվում է բազում կարծրատիպերի, երբ Հայաստանի գյուղերում փորձում են աղջիկների ֆուտբոլի հերթական պատանեկան թիմը ձեւավորել:

«Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, քանի որ «աղջիկների նման» արտահայտությունը չպետք է օգտագործել թերագնահատելու համար որեւէ երեւույթ: Փոխարենը այս հաջողության պատմությունների միջոցով մենք ապացուցում ենք, որ աղջիկները ոչ միայն լավ ֆուտբոլ են խաղում, լուսանկարում կամ ղեկավարում, այլեւ արժանի են հավասար վերաբերմունքի եւ գնահատականի», — իր խոսքում նշեց Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սեդա Պապոյանը: Նրա խոսքով՝ նախատեսվում է #LikeAGirl-ը դարձնել շարունակական: