PicsArt ընկերությունը և Երևանի պետական համալսարանի ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը միասին նոր նախագծի մեկնարկ են տվել։ Նախագծի շրջանակներում կպատրաստվեն արհեստական բանականության մասնագետներ։
Կենտրոնի Տեղեկատվական համակարգերի մշակում և Տեղեկատվական համակարգերի կառավարում մասնագիտացումների երկրորդ կուրսի ուսանողների համար առաջին կիսամյակում իրականացվել են «Մեքենայական ուսուցում» և «Նեյրոնային ցանցեր» դասընթացներ։ Դասընթացները վարել են PicsArt ընկերության արհեստական բանականության (Artificial Intelligence) թիմի մասնագետները՝ կիրառելով տեսական գիտելիքների և պրակտիկ առաջադրանքների համադրության վրա հիմնված ծրագիր:
ԵՊՀ SS կրթական և հետազոտական կենտրոնը ՏՏ ոլորտում շարունակական կրթության ծրագրերի և առանձին դասընթացների իրականացման համար նախատեսված մարմին է։ Վերջինիս և PicsArt ընկերության այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու։
PicsArt ընկերությունը, որը տարիներ շարունակ ներդրում է կատարում Հայաստանում արհեստական բանականության ոլորտը զարգացնելու ու մրցունակ մասնագետներ պատրաստելու համար, բազմիցս բարձրաձայնել է այս մասնագիտության կրիտիկական անհրաժեշտության մասին:
Աշխարհում այսօր մրցունակ են այն երկրները, որոնք զարգացնում ու ընդլայնում են արհեստական բանականության կիրառման ոլորտները: Պատահական չէ նաև, որ համաշխարհային շուկայում այս բնագավառի մասնագետների մեծ պահանջարկ կա։ Դատելով մեր երկրի ՏՏ ոլորտի հաջողություններից, Հայաստանն ունի ներուժ՝ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման և միջազգային պատվերների ներգրավման համար:
Վերջին երկու տարիների ընթացքում, PicsArt-ի ջանքերով մեքենայական ուսուցման տարբեր կրթական ծրագրերի շրջանակում արդեն 80-ից ավելի մասնագետներ են պատրաստվել Հայաստանում, ովքեր աշխատանքի են անցել PicsArt-ում և ՏՏ առաջատար այլ ընկերություններում:
Հարկ է նշել, որ PicsArt ընկերությունը բանակցություններ է վարում արհեստական բանականությունը որպես մասնագիտացում ԲՈւՀ-երում ներառելու մասին: