Lumzag-ը հայկական արտադրության առաջին խելացի պայուսակներ են, որոնք իրենց բազմաֆունկցիոնալությամբ շուկայում մրցակից չունեն։ Պայուսակները դեռ Indiegogo քրաուդֆանդինգային հարթակում են գտնվում, չնայած նրան, որ արդեն անցել են դրամահավաքության առաջին փուլը։ Սմարթ պայուսակները դեռ վաճառքում չկան, դրանք նախնական պատվերների համար հասանելի են հարփակում և Lumzag-ի պաշտոնական կայքում։ ittrend.am-ը զրուցել է Lumzag-ի համահիմնադիր և տնօրեն Արմեն Պողոսյանի հետ՝ պարզելու, թե ինչով է զարմացնելու խելացի պայուսակը օգտատերերին։
-Ի՞նչ է իրենից ներկայացնում Lumzag բրենդը:
-Lumzag-ը սմարթ պայուսակների շարք է, կազմված է երեք մոդելից՝ մեկն ուսապարկ է, որը գլխավոր մոդելն է, մյուս երկուսը՝ կողքին գցովի: Սրանք բազմաֆունկցիոնալ պայուսակներ են։ Բրենդը հետագայում զարգանալու է և ունենա ճամպրուկներ, պայուսակներ նախատեսված երեխաների համար:
-Lumzag-ը ստեղծելու մտահղացումն ինչի՞ց է առաջացել:
-Ճամփորդությունների ժամանակ, պայուսակի կարևոր գործառույթների բացակայությունը զգացել եմ, ի դեպ՝ մենակ ես չէ: Առաջացել է միտք՝ ստեղծել այնպիսի պայուսակ, որը մարդկանց առօրյա կյանքում կամ ճանապարհորդության ընթացքում կօգնի: Այդ գաղափարը զարգացնելու արդյունքում էլ ծնվեցին այս պայուսակները:
-Խոսենք գործառույթներից։ Նշեցիք, որ բազմաֆունկցիոնալ են։ Բացի այդ նման պայուսակներ շատ կան շուկայում, ինչո՞վ է այն տարբերվում մյուս առաջարկներից՝ մի կողմ թողնելով հայրենական արտադրությունը:
-Նախ ասեմ, որ նմանատիպ պայուսակ, որ ունենա շատ գործառույթներ շուկայում չկա։ Կան տարբերակներ, որ ունեն Lumzag-ի որոշ գործառույթներ: Գործառույթների գաղափարը հիմնականում կենտրոնացած է ապահովության ու անվտանգության վրա: Իրերը կլինեն ապահով՝ օգտատերը չի մոռանա դրանք նաև չեն գողացվի: Եթե անգամ գողանան, վայրկյանների ընթացքում օգտատերը դրա մասին կիմանա: Որոշ չափով մարդու անվտանգության հարցնել ենք լուծել՝ ունի թիկունքը դիտելու տեսախցիկ, սա աղջիկների համար է օգտակար: Քայլելիս կարող են տեսնել, թե ով է իրենց մոտենում, քանի հոգով են և այլն: Եթե իրերդ մոռանում ես սմարթֆոնի վրա ծանուցում է գալիս, եթե մեկը փորձում է հանել իրերը պայուսակից, կրկին ծանուցում է գալիս: Անգամ, եթե պայուսակն ես մի տեղ մոռացել, դրա մասին էլ ես տեղեկացվում:
-Իսկ բացի անվտանգության այս գործառությներից:
-Բացի անվտանգությունից կան նաև այլ հավելյալ գործառույթներ, որոնք ավելի շատ հարմարավետությունն են ապահովում: Եթե մութ տարածքում բացում ենք պայուսակը, ներսում ինքնաբերաբար լույս է վառվում, որի գույներն, ի դեպ, կարելի է փոփոխել: Կա հեռախոսի համար նախատեսված հատուկ գրպան, որը նաև անլար լիցքավորիչ է:
-Իսկ համակարգիչ լիցքավորել կլինի՞:
-Համակարգիչ նույնպես լիցքավորում է, բայց արդեն պայուսակի ներսւոմ:
-Սմարթֆոնի վայր ընկնելու հավանականություն չկա՞:
-Չէ, ամեն սմարթֆոնի չափերի համար կարելի է կարգավորել, ամուր է բռնում, այդպիսի խնդիր չկա:
-Նախագծելը, դիզայնը, տեխնիական ապահովու՝ ո՞րն է արվել այստեղ, որը՝ ոչ:
-Դիզայն ամբողջությամբ նախագծվել է այստեղ: Ուղղակի գեղեցիկ արտադրանք ստեղծելը մի բան է, իսկ հարմարավետ գեղեցիկ արտադրանքը՝ այլ: Դիզայներներն ու ինժեներները միասին են աշխատել: Ինժեներական մասն ու ծրագրային ապահովումն էլ է Հայաստանում արվել: Նյութերը, որից ստեղծել ենք պայուսակը, բնականաբար հայկական չեն՝ մենք նման արտադրություն այստեղ չունենք: Մասսայական արտադրությունն այս պահին հայաստանյան ռեսուրսներով չենք կարող անել, դրա համար կազմակերպում ենք դրսում:
-Ի՞նչ թիմով եք աշխատել ու ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ եղել Luzag-ը գաղափարից արտադրանքի վերածելու համար:
-Մեր թիմը միշտ 10-14 մարդ է, մի մասը մարկետինգի վրա է աշխատել, մյուսը՝ տեխնիկական մասն է ապահովել, եղել են ոչ մեր թիմից ներգրավված մարդիկ: Գաղափարը 2016-ից է ծագել, վերջնական արտադրանքը ստացել ու քրաուդֆանդինգային արշավը նախաձեռնել ենք 1,5 տարի անց:
-Հիմա քրաուդֆանդինգի փուլո՞ւմ եք դեռ:
-Հիմնական փուլը ավարտել ենք, արտադրության փուլում ենք արդեն, բայց դրամահավաքությունը թույլ տեպմերով շարունակվում է։ Որոշ չափով ներդրողների կարիք ունենք, բայց շատ չենք մտածում այդ մասին: Առաջնայինը եղած 3000 պայուսակի պատվերը հասցնելն է՝ ցանկանում ենք որակյալ արտադրանք ուղարկել:
-Պայուսակը հեռախոսի հետ կապում է հավելվածը: Ինչքանո՞վ են պաշտպանված անձնական տվյալները։
-Ցանկացած հավելվածի նման է աշխատում: Մեր հավելվածը շատ տվյալներ չի ուզում, միայն լոկացիայի մասին տեղեկատվություն: Այս դեպքում ոչ թե հեռախոսի կամ մարդու, այլ` պայուսակի: Սա էլ նրա համար, որպեսզի եթե կորցնես պայուսակը, կարողանաս տեսնել, թե որտեղ է: Մենք պարտավորված ենք անվտանգությունը պահպանել:
-Որքա՞ն է արժենալու ուսապարկը և ինչպե՞ս հիմա կարելի է պատվիրել:
-Կարելի է պատվիրել կա՛մ մեր կայքում, կա՛մ Indiegogo-ում: Այս պահի դրությամբ ուսապարկի գինը 290 դոլար է: Երբ դուրս գանք շուկա, գինը բարձրանալու է, սա զեղչված տարբերակն է: Մենք դիտարկում ենք այն տարբերակը, որ հայաստանյան շուկայի համար փորձենք հնարավորինս մատչելի գին տալ: