Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի, Staff.am աշխատանքային հարթակի և ISTC կենտրոնի համագործակցությամբ Երեւանում առաջին անգամ մեկնարկել է «Կարիերայի անցում դեպի ՏՏ» կարիերայի կողմնորոշման հատուկ նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը բոլոր նրանց համար է, ովքեր փորձում են այլ ոլորտներից անցում կատարել տեխնոլոգիաների աշխարհ: Նախաձեռնության նպատակն է աջակցել ՏՏ ոլորտ ձգտող մասնագետներին համապատասխան խորհրդատվությամբ, ոլորտում կողմնորոշվելու խորհուրդներով և մարտահրավերները հաղթահարելու և հաջողելու բանալիներով:
Նախաձեռնությանը մասնակցել են Հայաստանում գործող 8 առաջատար ՏՏ ընկերության մարդկային ռեսուրսների բաժինների ղեկավարներ, այդ թվում՝ Synergy, SFL, Webb Fontaine, Rockbite Games, Joomag, Ginosi, Benivo և 10Web:
«Սա բացառիկ հնարավորություն էր ՏՏ-ում աշխատանք փնտրողների համար ոչ միայն պարզապես ծանոթանալու ոլորտում առաջատար ընկերությունների ներքին մշակույթին, այլ նաեւ նրանց ուղղել հուզող հարցերն ու բացահայտել աշխատանքի ընդունման նրանց քաղաքականությունը», — պատմեց Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սեդա Պապոյանը:
«Կարիերայի անցում դեպի ՏՏ» նախաձեռնության մասնակիցները հնարավորություն ունեցան տեղեկատվական հարթակի շնորհիվ ծանոթանալ մի քանի ընկերություններում առկա աշխատատեղերին և վերապատրաստման հնարավորություններին:
«Այս նախաձեռնությամբ մենք կարողացանք ցույց տալ, որ ՏՏ-ն որքան էլ որ գրավիչ է, միունույն է մեծ ջանքեր է պահանջում հաստատվելու եւ հաջողության հասնելու համար: Բայց եթե կա սովորելու եւ անձնային զարգացման հստակ մտադրություն, ապա պետք է ամուր առաջ շարժվել», — պատմեց Staff.am հարթակի համահիմնադիր եւ ղեկավար Լուիզա Ավետիսյանը:
«Կարիերայի անցում դեպի ՏՏ» նախագիծը կրելու է պարբերական բնույթ։