Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել էր Եթովպիա, նրա  ղեկավարած պատվիրակության հետ աֆրիկական երկիր էր հյուրընկալվել նաև Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը:

Եթովպիայում Ամալյա Եղոյանը հանդիպել է  Եթովպիայի Նորարարության ևՏեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիայի հետ: Համագործակցության եզրերն արդեն գծանշված են՝ Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն  տեխնոլոգիական և ճարտարագիտական ոլորտներում։ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Եթովպիայում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադիս Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ:  

Ամալյա Եղոյանը նաև հանդիպումներ է ունեցել նաև Աֆրիկայի հարցերով ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջիովանի Բիհայի հետ:

«Հուշագրի ստորագրումը Եթովպիա այցի կարևորագույն ձեռքբերումներից էր: Այն նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձեւ համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում, ուսանողների եւ դասախոսների փոխանակում, համատեղ նախաձեռնությունների փոխադարձ խթանում եւ այլն»,- նշել  է Ամալյա Եղոյանը: