Փաշինյանն ուրիշ թվերի վրա է հիմնվում. Կարեն Վարդանյան

«Հայկական Ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերից 39-երորդը 10.5 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը:

«2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով 23 տոկոս աճ 2017 թվականի համեմատ: 2018թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս, 2018թ. ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19.552-ի, ինչի արդյունքում մոտ 27 տոկոս աճ է արձանագրվել 2017թ.-ի համեմատ, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է նա:

Վերջինս նաև մասնավորեցրել է. «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 2018թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս, 2017 թվականի համեմատ։

Մինչդեռ ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՏՀՏ աճը կազմել է 4,7 տոկոս։ Իսկ ծրագրավորման և ծառայությունների ոլորտի աճը կազմել է 14 տոկոս, ընդ որում ոչ թե 730 միլիոն ԱՄՆ դոլար, այլ 180 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ 14 տոկոս աճի մեծ մասն, էլ արտոնություններ ստացած և հարկերից խուսափելու սխեմաներ աշխատեցնող ընկերությունների հաշվին է»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը մինչդեռ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայությունն աղբ է: «Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը աղբ է, այնտեղից ոնց կարելի է թիվ հանել»,- ասաց նա:

Ըստ Վարդանյանի՝ Փաշինյանն ուրիշ թվերի վրա է հիմնվում: «Ընդ որում, վարչապետն ավելի համեստ թիվ է ասում: «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» հետազոտություն է անցկացնում, որն էլի որոշակի մոտավորություն ունի, բայց ես կարծում եմ, որ իրական թիվը մեկ միլիարդի մոտ է»,- ասաց նա և ևս մեկ անգամ նշեց, որ վարչապետը զգույշ թիվ է ներկայացրել:

Մեր հարցին՝ ինչո՞ւ պետք է վարչապետն ավելի պակաս թիվ ներկայացներ, նա պատասխանեց. «Կարող է ես եմ ավել ներկայացնում, վարչապետը մի քիչ պակաս է ներկայացնում, դա զուտ գնահատականների խնդիր է»:

Կարեն Վարդանյանը հավելեց, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը անում է տարեկան հաշվետվություն, հնարավոր է՝ վարչապետը ներկայացրել է այդ հիմնադրամի թիվը, որը եղել է անցած տարվանը: «Մենք ունենք 20 հազար աշխատող և մոտավոր գիտենք, որ նրանց արտադրողականությունը 45 հազար դոլարին մոտ է, այսինքն՝ դա տալիս է մոտավորապես 900 մլն-ի կարգի թիվը»,- նշեց Վարդանյանը:

 

Աղբյուրը՝ Tert.am