Հայ աշակերտի խելացի հայելին կծանոթացնի օրվա եղանակին ու լուրերին

Խելացի օգնականները ներկայիս տեխնոաշխարհում շատ են՝ առաջարկներ ինչքան ուզեք, բայց ահա խելացի հայելիների հարցում առաջարկները սահմանափակ են՝ նախ շուկայում դրանք շատ չեն և երկրորդ՝ առկայության դեպքում էլ բազմաֆունկցիոնալ չեն կատարում են ընդամենը մեկ կամ երկու լավագույն դեպքում երեք գործառույթ։

«Հայելին առաջին հայացքից կարող է սովորական հայելի թվալ, բայց երբ կանգնում ենք դիմացը ինքնաբերաբար միանում է և ցույց է տալիս տարբեր բաներ։ Ֆունկցիոնալությունը բավական շատ է՝ առաջարկում է տեղեկանալ նորություններին, եղանակին ու ձախ կողմում երևում է ժամանակը՝ ժամացույցի պատկերի նման, երևում է նաև ազգային տոների օրացույց, որն անըդնհատ ըստ օրերի փոփոխվում է։ Լուրերը հայելիում տեղակայված են ներքևի մասում՝ վազող տողի սկզբունքով»,-նշում է հեղինակ Երազ Սանասյանը։

Բացի բազմաֆունկցիոնալությունից հայելու կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այս բոլորը խելացի օգնականը մատուցում է հայերեն։

«Ինքը առաջին հայկական սմարթ հայելին է և նպատակ ունենք, որ բացի հայելի լինելուց նաև մարդկանց համար օգտակար լինի այլ տեսանկյունից՝ տեղեկացնի շրջապատող աշխարհի մասին, տեղեկացնի եղանակի միջոցով ինչ հագնել, որ չմրսել կամ չշոգել»։

Երազը համարում է, որ այս հայելին հարմարավետ է, քանի որ սովորաբար նման ֆունկցիոնալություն մենք սմարթֆոնների մեջ կարող ենք ստանալ տարբեր հավելվածներ ներբեռնելով կամ օգտվելով հեռախոսում առկաներից, այստեղ ամեն ինչը մեկտեղված է մեկ վայրում։

«Նախագիծը իրականացրել եմ միայն ես, բայց ղեկավարիս ուղղորդությամբ, ի դեպ զրոյից եմ հավաքել։ Վաճառքի դեռ չեմ որոշել հանել, բայց այն արդեն ավարտված է՝ չհաշված մի քանի մանր դետալներ տեսքի առումով՝ շրջանակ պիտի դրվի, չափեր որոշվի»։

Հայելու չափը կարևոր չէ, բայց մեծ ու փոքրի և ֆունկցիոնալության աճի առումով գնային փոփոխություններ կլինեն հայելու հետ կապված։ Երազը նշում է, որ  ստեղծված նախատիպը սովորական փոքր չափերի է՝ սեղանի համար նախատեսված, բայց հնարավոր է ստանալ մեկ ամբողջական պատի չափով։

Սյուզան Թոսունյան