Redmi Note 9 5G. ամենաէժան 5G թողունակությամբ սմարթֆոնը պատրաստ է շուկա դուրս գալ

Digital Chat Station հարթակը հայտնում է, որ Redmi ընկերության սմարթֆոնը, M2002J9E համարի ներքո, Չինաստանում անցել է որակավորման փուլը: Աղբյորը վստահեցնում է, որ այդ համարի տակ թաքնված է  Redmi Note 9 5G մոդելը:

Հիշեցնենք, որ չինական Xiaomi ընկերությունը վերջերս Հնդկաստանում ներկայացրեց  Redmi Note 9 Pro և Redmi Note 9 Pro Max սմարթֆոնները: Xiaomi Group China ընկերության տնօրեն և Redmi ընկերության գլխավոր տնօրեն Լու Վեյբինգը հայտարարել էր, որ չի նախատեսում Redmi Note 9 Pro և  Redmi Note 9 Pro Max մոդելները հանել չինական շուկա: Այդ շուկայում այսօր ամենապահանջվածը 5G սմարթֆոններն են:

Չինաստանում որակավորում անցած սմարթֆոնը հագեցած է արագ լիցքավորման համակարգով՝ 22,5 վատ հզորության: Այսինքն սա ոչ Redmi Note 9 Pro-ն է, ոչ էլ՝ Redmi Note 9 Pro Max-ը: Վերջիններս հագեցած են համապատասխանաբար 18 և 33 վատ հզորությամբ լիցքավորիչներով:

Նույն աղբյուրը հավաստիացնում է, որ Redmi-ն ցանկանում է Չինաստանում դադարեցնել Redmi K30 4G մոդելների վաճառքը, որպեսզի այն փոխարինի 5G թողունակությամբ ավելի հասանելի սմարթֆոնով: Որոշ լուրերի համաձայն նոր մոդելի գինը տատանվելու է 140-210 դոլարի սահմաններում: Դա նշանակում է, որ Redmi Note 9 5G մոդելը կդառնա շուկայում ամենաէժան 5G թողունակությամբ սմարթֆոնը: Հավանական է, որ սմարթֆոնը կպատրաստեն MediaTek Dimensity 800 5G բազայի վրա: